18:04 | 10.05.22 | Նորություններ | 1493

ՀՀ դատախազությունը միջնորդել է արգելափակել պոռնկության տարածմանը նպաստող կայքը

ՀՀ գլավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից միջնորդագրեր են ուղարկվել բջջային հեռահաղորդակցության հայաստանյան երեք ընկերությունների՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի և «Թիմ Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեններին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ բաժանորդների հասանելիությունն էսկորտ նպատակներ հետապնդող կայքն արգելափակելու համար և ձեռնարկված միջոցառումների և արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ  մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ այլազգի մարմնավաճառ կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ մի շարք անձինք ստեղծել են կայուն հանցավոր խումբ: Առցանց եղանակներով հավաքագրել են ՌԴ, Բելառուսի քաղաքացի հանդիսացող մարմնավաճառների և առաջարկել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայստանում զբաղվել մարմնավաճառությամբ։
 
 Կազմակերպված հանցավոր խմբի անդամները հեռահաղորդակցման հարթակներով այլ երկրի քաղաքացի հանդիսացող կանանց հետ կապ են հաստատել, պայմանավորվել սեռական ծառայությունների մատուցման մանրամասների վերաբերյալ։
 
Գործի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ նշված համացանցային կայքին հասանելիությունը ներկայումս էլ շարունակում է հանդիսանալ հանցագործություններին նպաստող հանգամանք, քանի որ անձինք շարունակում են օգտվել կայքից: