12:54 | 23.03.22 | Նորություններ | 12965

Վիվա-ՄՏՍ. Հայատառ ստիկերները նորից հասանելի են Viber-ում

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բաժանորդների եւ օգտատերերի խնդրանքով, Viber մեսենջերի հետ համագործակցության շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի թողարկած՝ հայատառ ստիկերները կրկին հասանելի են անվճար ներբեռնման համար, արդեն` անժամկետ:

Վիվա-ՄՏՍ-ն իր հայատառ ստիկերների առաջին շարքը` աղջկա կերպարով, թողարկել էր Viber-ում 2019 թվականին, իսկ 2020 թվականին թողարկել էր հայատառ ստիկերների երկրորդ շարքը՝ տղայի կերպարով՝ իր առաջին բջջային հայալեզու խաղի՝ «Սիս-Մասիս»-ի հետ միասին: Աղջկա եւ տղայի կերպարներով ստիկերներն ունեցան ավելի քանի 650 000 ներբեռնում: Սակայն սիրված կերպարներով ստիկերների անվճար ներբեռնման հնարավորությունը  ուներ ժամանակային սահմանափակում:

«Վիվա-ՄՏՍ-ը կարեւորում է բաժանորդների արձագանքներն ու հաշվի է առնում դրանք: Հեռահաղորդակցությունը վաղուց արդեն ավելին է, քան բացառապես ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման ոլորտ: Մեր՝ թվային փոխակերպման ռազմավարության շրջանակում բավականին մեծ ջանքեր են գործադրվում տարբեր թվային հարթակներում ընկերության եւ բաժանորդների միջեւ երկկողմանի կապ ապահովելու ուղղությամբ: Դրա վառ ապացույցը Վիվա-ՄՏՍ-ի հայատառ ստիկերների կրկին հասանելիությունն է Viber-ում: Մեր բաժանորդների դրական արձագանքն ու ոգեւորությունը նպաստեցին Վիվա-ՄՏՍ-ի՝ սիրված հայատառ ստիկերներն անժամկետ հասանելի դարձնելուն՝ անվճար ներբեռնման հնարավորությամբ: Այս ստիկերները եւս կարեւոր միջոց են սոցցանցերում հայերենը խրախուսելու համար»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նոր ստիկերները ներբեռնելու համար դրանք կարելի է որոնել Viber-ի ստիկեր-մարկետում՝ գրելով Viva-MTS Stickers: Ստիկերները կարելի է ներբեռնել անվճար եւ օգտագործել առանց սահմանափակումների: Դրանք հասանելի են ինչպես Վիվա-ՄՏՍ-ի, այնպես էլ այլ բջջային օպերատորների բաժանորդներին:


Ներբեռնել կարելի է այստեղ՝

ստիկերներ՝ աղջկա կերպարով https://vb.me/mts_am_vb_pr,
ստիկերներ՝ տղայի կերպարով https://vb.me/mts_am2_vb_pr: