13:12 | 22.03.22 | Նորություններ | 1210

ԱԹՍ դասընթացների մասնակիցները կայցելեն ոլորտային ընկերություններ

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ նախաձեռնությամբ մարտի 3-ից ապրիլի 6-ն իրականացվում են առցանց ԱԹՍ դասընթացներ 10-18 տարեկան պատանիների համար։ Մասնակցության 514 հայտատուներից ընտրվել են 57-ը, ովքեր այժմ մասնակցում են դասընթացներին։

ԱԹՍ դասընթացի արդյունքում երեխաները ծանոթանում են ԱԹՍ բաղկացուցիչ մասերին եւ շահագործման կանոններին, ուսումնասիրում ԱԹՍ-ն շահագործման նախապատրաստելու գործընթացը, ինչպես նաեւ նման սարքերի սպասարկման առանձնահատկությունները։

«Դասընթացը կազմակերպելիս հաշվի ենք առել այն բացերը, որ նկատելի էին նախորդ տարվա սեպտեմբերին՝ Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ մրցույթի ընթացքում։ Ուստի ընտրեցինք համապատասխան թեմաներ՝ տվյալ դասընթացն առավել արդյունավետ դարձնելու եւ երեխաներին գալիք ԱԹՍ մրցույթին նախապատրաստելու համար», - նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։  

Դասընթացի շրջանակներում կազմակերպվելու է երկու այց՝ դեպի Երեւան (մարտի 25-27) եւ Գյումրի (ապրիլի 3), որոնց ընթացքում երեխաները կայցելեն ԱԹՍ արտադրող ընկերություններ եւ ավիամոդելավորման խմբակներ։ Գյումրի կատարվելիք այցի ժամանակ նրանց կտրվի առաջադրանք իրենց ձեռքերով պատրաստելու ԱԹՍ՝ մեկամսյա դասերի արդյունքում իրենց ստացած գիտելիքով։