17:57 | 16.03.22 | Նորություններ | 1508
«Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է «Quanta» քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը:
Հիմնադրամից հայտնում են, որ «Quanta» ծրագրի շրջանակներում մագիստրատուրա ընդունվածները կունկնդրեն արտասահմանյան առաջադեմ բուհերի հայազգի գիտնականներին:
«Յուրաքանչյուր մագիստրոս ուսման ընթացքում կունենա իր գիտական ղեկավարը, ում հետ կիրականացնի գիտահետազոտական աշխատանք՝ նախապատրաստելով մագիստրոսական ատենախոսությունը, որը հետագայում կտպագրվի գիտական հոդվածի տեսքով:
Ծրագրի ուսուցումը ամբողջապես կլինի անվճար, ընդունված ուսանողների ուսման վարձը կհոգա հիմնադրամը: Ծրագրին կարող են մասնակցել ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում առնվազն բակալավրի որակավորում ստացած մասնագետները, որոնք ունեն անգլերենի շեմային մակարդակ», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Մարտի 19-ին ժամը 14:00-ին «Հոլիդեյ Ինն» Երեւան-Հանրապետության Հրապարակ հյուրանոցում («Երեւան» սրահ, հասցե՝ Ամիրյան 2) ղեկավար թիմը կներկայացնի «Quanta» ծրագիրը եւ դրան վերաբերող մանրամասները: