13:00 | 01.02.22 | Նորություններ | 7175

The New York Times-ը գնել է Wordle խաղը

Բրիտանացի ծրագրավորող Ջոշ Ուորդլն այսօր հայտնել է, որ Wordle խաղի իրավունքները վաճառել է The New York Times-ին։

Խաղի բրաուզերային տարբերակը կմնա անվճար նոր եւ առկա խաղացողների համար: Գործարքի գումարը չի բացահայտվում, The New York Times-ը նշել է միայն, որ «յոթ նիշանոց» թիվ է վճարել։

Սպասվում է, որ New York Times-ը Wordle-ը կինտեգրի իր բաժանորդագրություններից մեկում, որտեղ արդեն կան խաչբառեր եւ գլուխկոտրուկներ:

Wordle-ում խաղացողները վեց փորձ ունեն՝ հինգ տառանոց բառը գուշակելու համար: Յուրաքանչյուր փորձի դեպքում տառերը ընդգծվում են տարբեր գույներով: Եթե տառը ընդգծված է մոխրագույնով, այն թաքնված բառում առկա չէ: Դեղինով ընդգծվում են տառերը, որոնք առկա են, բայց իրենց տեղում չեն: Կանաչով նշված տառերն առկա եւ ճիշտ տեղում են։

Ջոշ Ուորդլն գործարկել էր Wordle-ը 2021 թվականի հոկտեմբերին: Նոյեմբերի 1-ին խաղն ուներ ընդամենը 90 օգտատեր, իսկ 2022 թվականի հունվարի վերջին այն օրական խաղում էր մի քանի միլիոն օգտատեր: