16:29 | 19.01.22 | Նորություններ | 5376

«Ռոստելեկոմ»-ը վաճառել է հայաստանյան դուստր ընկերությունը

«Ռոստելեկոմ»-ը վաճառել է Հայաստանում գործող դուստր ընկերության՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի բաժնետոմսերը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր համաձայնություն է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 2021 թվականի հոկտեմբերի 19-ի դիմումին։

Դիմումում, մասնավորապես, նշվում էր, որ Ռուսաստանի քաղաքացի Արման Ունանյանն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախատեսում են Կիպրոսում գրանցել նոր ընկերություն՝ «Մոլիտրո Հոլդինգս Լիմիթեդ», որը ձեռք կբերի Ընկերության միակ բաժնետեր «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ընկերության 100% բաժնետոմսերը։

2021թ. դեկտեմբերին «Ռոստելեկոմի» նախագահ Միխայիլ Օսեեւսկին ասել էր, որ հայկական ակտիվի համար ցանկանում են ստանալ $25 միլիոն։

Molitro Holdings Limited ընկերության բաժնետոմսերի 40%-ը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, որի սեփականատերն է «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանը։

2017 թվականից հայաստանյան Ucom օպերատորի բաժնետոմսերի 10%-ը պատկանում է «Տաշիր գրուպի» կազմի մեջ մտնող «Ֆորա-Բանկին»:

2021թ. նոյեմբերին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն ասել էր, որ Հայաստանի կառավարությանն անհանգստացնում է «Ռոստելեկոմ Արմենիայի» եւ Ucom-ի հնարավոր միացումը:

«Ըստ տրամաբանության՝ եթե «Ռոստելեկոմը» գնվում է այդ ընկերության կողմից, չի բացառվում, որ դա հենց «Յուքոմի» հետ դառնա մեկ ընկերություն, ու համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն, որ միասնական հանդես գան։ Այսպիսի մտավախություն կա»,- ասել էր Վահագն Խաչատրյանը։