17:48 | 13.01.22 | Նորություններ | 6622

Վիվա-ՄՏՍ-ի օգնությամբ Քանաքեռավանում բնակարանամուտ են տոնել

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում բնակվող Բաբայանների ընտանիքը կիսակառույց տան շինարարության աշխատանքները հասցրել են ավարտին:

25 տարի վագոն-տնակում բնավելուց հետո ընտանիքն այժմ կապրի չորսսենյականոց ընդարձակ տանը:

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության համատեղ ծրագրի տասնամյա հաջողությունը խոսուն է. աջակցություն է ստացել 391 ընտանիք՝ Հայաստանի բոլոր մարզերում:

«Արդեն տասը տարի իրականացնում ենք բնակարանաշինության ծրագիրը: Թվում է՝ ամեն ինչ նույնն է, սակայն նրբություններ կան: Երկու ընդհանրություն կա. ընտանիքների երազանքը եւ մեր նպատակը: Մնացյալը տարբեր է. դժվարությունների միջով անցած այս մարդիկ տարբեր են իրենց ապրած կյանքով: Նրանցից յուրաքանչյուրն անցել է խնդիրները հաղթահարելու իր ճանապարհը: Մեր նպատակը մեկն է՝ մարդկանց հանել անելանելի վիճակից, նրանց համար ստեղծել ապագայի հիմքեր եւ ամրացնել կամքն ու հավատը: Համոզված եմ, որ կենցաղի նոր պայմաններն ու հենարան ունենալու փաստն ամբողջովին կփոխեն նաեւ այս ընտանիքի կյանքը: Այդ փոփոխությունն է չափման այն միավորը, որը թույլ է տալիս հաջողված համարել մեր համատեղ ծրագիրը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր ծրագրի նպատակը տան կարիքն ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է, մինիմալ պայմանների ապահովումը: Սոցիալ-կենցաղային խնդիրներից թեթեւացած մարդը ազատ է արարելու, ներկան վայելելու եւ ապագայի համար ավելի հեռահար պլաններ մշակելու հարցում: Մենք փորձում ենք մարդկանց տալ այդ հնարավորությունը»,- ասել է «Ֆուլերն տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում 2021 թվականին աջակցություն է ստացել 87 ընտանիք: