15:15 | 15.12.21 | Հոդվածներ | exclusive 4026

Ինչպե՞ս «Դեքսաթել»-ը հասավ տարեկան $17 մլն շրջանառության՝ առանց կողմնակի ներդրումների

Հաղորդակցությունը յուրաքանչյուր ընկերության աշխատանքի հաջողության ամենակարեւոր գործոններից է: Այս ոլորտում հաղորդակցման բազմաթիվ գործիքներ ու պլատֆորմներ կան, սակայն «Դեքսաթել» ընկերությունը առանձնանում է ամպային հաղորդակցության (Cloud Communications) իր նորարարական առաջարկով: «Դեքսաթել»-ը  բազմաֆունկցիոնալ հարթակ է, որը տրամադրում է ձայնային եւ ծրագրավորվող հաղորդագրությունների (Voice and Programmable Messaging) լուծումներ՝ ընկերությունների հաղորդակցությունը առավել արագ եւ արդյունավետ դարձնելու համար:
 
Ըստ Financial Times-ի՝ այս հայկական ընկերությունը իր գործունեության 6 տարիների ընթացքում հսկայական աճ է գրանցել՝ դառնալով ամենաարագ աճող եվրոպական կազմակերպություններից մեկը։
 
Itel.am-ը փորձել է պարզել ընկերության առաջընթացի գաղտնիքը եւ պատմել դրա ստեղծման ու առաջարկած ծառայությունների մասին:
 
Մեկնարկը՝ ավտոտնակից
 
Ընկերությունը ստեղծվել է 2015 թվականին: «Դեքսաթել»-ի համահիմնադիր Գեղամ Ազատյանը պատմում է, որ ամեն ինչ սկսել են զրոյից՝ մի ոչ մեծ ավտոտնակում։ Աշխատում էին 3 հոգով:

«Սկզբում ֆինանսական միջոցներ գրեթե չունեինք եւ ոչ էլ՝ մեծ թիմ: Անցած ճանապարհը վերհիշելիս նույնիսկ դժվար է պատկերացնելը, թե ինչ ենք կարողացել նվաճել այս վեց տարիների ընթացքում: Առանց ֆինանսական ակտիվների սկսնակ կազմակերպություն լինելը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնեցնում, սակայն առանց ներդրումների էլ այսօր մեզ հաջողվել է դառնալ տարեկան $17 մլն շրջանառություն ունեցող ընկերություն»,- մանրամասնում է Գեղամ Ազատյանը:

Գեղամ Ազատյանը Գեղամ Ազատյանը
photo © Մեդիամաքս


«Դեքսաթել» ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Էստոնիայում: Այն գրասենյակ ունի նաեւ Հայաստանում, ինչպես նաեւ շուտով ներկայացված կլինի Արաբական Միացյալ էմիրություններում:
 
Ընկերության կարճատեւ գործունեության ընթացքում նրանց հաջողվել է 190 երկրներում 700-ից ավելի հաճախորդների վստահության արժանանալ:
 
Այսօր ընկերության հաճախորդների շարքում են այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Alibaba-ն, Viber-ը, SAP-ը, Paysera-ն, Gupshup-ը, Bigo.TV-ն, China Telecom-ը եւ այլն։

photo © Մեդիամաքս


«Դեքսաթել»-ը Էստոնիայի 1287 ստարտափների շարքում գտնվում է առաջատար 15 ընկերությունների մեջ՝ շնորհիվ իր տարեկան շրջանառության աճի ցուցանիշների, եւ, զարմանալի չէ, որ մոբայլ հաղորդակցության ոլորտի ամենաազդեցիկ ցուցահանդեսում՝ MWC Barcelona 2021-ում, այն Էստոնիան ներկայացնող 13 ընկերությունների թվում էր:

«Դեքսաթել»-ի համահիմնադիր Գեղամ Ազատյանը նշում է, որ այս ամենին հասել են քրտնաջան աշխատանքով եւ անկոտրում կամքով․ «Առաջ ենք գնացել փոքր, բայց հաստատուն քայլերով։ Մեր գլխավոր նպատակը եղել է տրամադրել հուսալի պրոդուկտ եւ ծառայություն։ Մինչ օրս դա շարունակում է լինել մեր առաքելությունը»։
 
«Դեքսաթել»-ի պրոդուկտի եւ ծառայությունների առանձնահատկությունը

Հիմա եկեք հասկանանք, թե ինչ է ամպային հաղորդակցության հարթակը: Այն տեղեկատվության վիրտուալ փոխանցման նորարարական մեթոդ է, որը համացանցի միջոցով Ա կետից Բ կետ է փոխանցում տեղեկությունը՝ մասնավոր կամ մասշտաբային եղանակով:
 
Տեղեկատվությունը ամպային հաղորդակցությունների հարթակի շնորհիվ փոխանցվում է տեքստային տարբեր ուղիների (channels) միջոցով։ Այ, օրինակ, դուք էլ հավանաբար Viber հավելվածի միջոցով ստացել եք զեղչային առաջարկի մասին հաղորդագրություն կամ SMS-ով գաղտնաբառը փոխելու մեկանգամյա կոդ: Այ այսպիսի հաղորդագրությունները հենց ամպային հաղորդակցության հարթակի միջոցով են կատարվում: Պատկերացրեք՝ որքան ժամանակ է խնայում ընկերությունը՝ օգտագործելով մեկ հարթակ բոլոր տեսակի բիզնես հաղորդակցությունների համար։
 
Հաճախորդը, մուտք գործելով «Դեքսաթել»-ի հարթակ, կարող է մուտքագրել իր հաղորդագրությունն ու ստացողի տվյալները: Եվ պատկերացրեք՝ ընդամենը մի կոճակի հպումով, նրա հաղորդագրությունը, իր իսկ նախընտրած ժամին, հասնում է հասցեատերերին՝ անկախ հաղորդագրությունների կամ ստացողների քանակից: Ամպային մեթոդի շնորհիվ հաճախորդը ստիպված չէ ծրագրավորման համապատասխան մասնագետներ, ռեսուրսներ փնտրել կամ ներգրավել՝ իր նորությունները հաճախորդներին ու թիրախային հանրությանը հասանելի դարձնելու համար:

photo © Մեդիամաքս


Ամպային հաղորդակցության շուկայում «Դեքսաթել»-ն առանձնանում է ոչ միայն իր արդյունավետությամբ, նորարական լուծումներով  կամ վստահությամբ, այլեւ մրցակցային գնով, որը պայմանավորված է ավելի քան 300 գործընկերների հետ ուղիղ պայմանագրեր ունենալով։
 
Հաղորդագրություններ ուղարկելու համար այն առաջարկում է հետեւյալ ուղիները. SMS, WhatsApp, Viber, Google RCS, Verified SMS:
 
«Դեքսաթել»-ը նաեւ Viber-ի միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
 
«Դեքսաթել»-ի անհատական մոտեցումը հաճախորդին
 
«Դեքսաթել»-ում ուսումնասիրում ու վերլուծում են յուրաքանչյուր ոլորտի, ուղու եւ պետության առանձնահատկությունները, որի շնորհիվ էլ կարողանում են անհատական (personalized) մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ: Օրինակ՝ ֆինանսական կամ առողջապահական ոլորտների հաճախորդները, մուտք գործելով միեւնույն հարթակ, տեսնում են միանգամայն այլ  գործիքային վահանակներ եւ տեղեկատվություն, որոնք անհատապես հարմարեցված են յուրաքանչյուր ոլորտի համար:

photo © Մեդիամաքս


Ներկայում հարթակն անհատականացված է տասը ոլորտների համար, որոնց շարքում են կրթությունը, առողջապահությունը, ֆինանսական ծառայությունները, անշարժ գույքը, էլեկտրոնային առեւտուրը եւ այլն: «Դեքսաթել»-ը անհատական մոտեցում է ցուցաբերում նաեւ տարբեր պետությունների՝ հաղորդակցության ուղիների կապակցությամբ՝ հաշվի առնելով օրենքների եւ կարգավորումների տարբերությունները:
 
Ընկերության մարտավարության հիմքում «խնայիր ժամանակ՝ առանց հետազոտության» (Research-free Experience) սկզբունքն է: Սա ենթադրում է, որ «Դեքսաթել»-ի հաճախորդները ստիպված չեն հետազոտել հաղորդակցության հսկայական ոլորտը ըստ իրենց բիզնեսի, քանի որ արդեն իսկ առկա է «Դեքսաթել»-ի մասնագիտացված հարթակը, որտեղ կարելի է գտնել ամենահամապատասխան լուծումները:
 
Համավարակը եւ ամպային շուկան
 
COVID-19-ը, իհարկե, մի շարք նոր մարտահրավերների առաջ կանգնեցրեց ընկերությանը: Չնայած դրան՝ այն բարձրացրեց նաեւ ընկերության մատուցած ծառայությունների պահանջարկը:
 
Բիզնեսները ստիպված եղան արագորեն թվայնացնել իրենց բոլոր ներկառուցված համակարգերը, նվազեցնել ֆիզիկական շփումը: Այս ամենը «Դեքսաթել»-ին բերեց մեծ թվով նոր հաճախորդներ, քանի որ ընկերություններն իրավիճակը հաղթահարելու համար պետք է կարողանային արդյունավետ կապ հաստատել իրենց սպառողների հետ:
 
Ինչու՞ է «Դեքսաթել»-ը մարդակենտրոն մոտեցում որդեգրել
 
«Դեքսաթել»-ում մի հետաքրքիր սկզբունք կա՝ կարեւոր չէ, թե ով ինչ հեղինակավոր կամ պակաս հեղինակավոր բուհի շրջանավարտ է, շատ ավելի կարեւոր է, թե ով է քրտնաջան աշխատում, շարունակաբար ինքնակրթվում, նոր լուծումներ գտնում, կիսվում իր գիտելիքով եւ առաջնորդության հետաքրքիր մոդելներ ստեղծում իրենց իսկ փորձառությամբ:

photo © Մեդիամաքս


Այստեղ նվիրվածությունը եւ թիմային մտածելակերպն է գնահատվում, համառությունը եւ փորձարարական մտածելակերպը: Զարմանալի չէ, որ թիմի կազմը շարունակաբար աճում է: Այսօր ընկերությունը արդեն 54 աշխատակից ունի եւ շարունակաբար փնտրում է նոր ու առաջադեմ մտածող մարդկանց ու մասնագետների, ովքեր կարող են «Դեքսաթել»-ը առավել հաջողված դարձնել իրենց մտածողությամբ եւ մշակույթով:

photo © Մեդիամաքս


Այն, որ ընկերությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաեւ աշխատակիցների հարմարավետությանն ու ներդաշնակ միջավայրին, դժվար չէ նկատելը նույնիսկ անզեն աչքով: Այդ մասին է վկայում քաղաքի կենտրոնում գտնվող հարմարավետ գրասենյակը, որը մասնագիտորեն կահավորված եւ հարմարեցված է թիմային աշխատանքի եւ, իհարկե, հանգստի համար:

photo © Մեդիամաքս


Թիմային ոգին «Դեքսաթել»-ի մշակույթի կարեւոր բաղադրիչներից է. այստեղ ամեն ինչ միասին են անում՝ լինի դա ռաֆթինգ Լոռիում, թե փորձարարական DJ-ություն հենց գրասենյակում։
 
Ովքե՞ր են խոսում «Դեքսաթել»-ի հաջողության մասին
 
«Դեքսաթել»-ն երկու տարի անընդմեջ բրիտանական Financial Times-ի սահմանած՝ Եվրոպայի ամենաարագ աճող ընկերությունների ցանկում է ներառվել՝ ցույց տալով 601,2% աճի ցուցանիշ։

Իսկ ըստ DNB Trust Growth-ի՝ վստահության աճի ցուցանիշով «Դեքսաթել»-ը վերջին վեց տարիների ընթացքում գերազանցել է 3304.6%-ը։
 
Միայն 2021 թվականին ընկերությունը ստացել է 7 մրցանակ: Դրանցից 3-ը պատկանում են «Դեքսաթելի» գործադիր տնօրեն Լիլիա Եղիազարյանին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որպես կին գործադիր տնօրեն եւ առաջնորդ լինելու համար։
 
Վերջերս էլ ըստ CreditInfo Eesti վարկանիշային ընկերության՝ «Դեքսաթել»-ը ճանաչվել է որպես 2017-2021 թվականների էստոնական ամենահաջողակ ընկերություններից մեկը, որը ցույց է տալիս «Դեքսաթել»-ի կայունությունը եւ  հուսալիությունը  շուկայում։ «Դեքսաթելը» էստոնական այն ընկերությունների շարքում է, որոնք շուկայում շարունակական կայուն բարձր վարկանիշ են պահպանում։  

Գայանե Ենոքյան
 
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի