18:12 | 08.10.21 | Հոդվածներ | exclusive 33811

Արինա Առուստամյան. Որակի նշաձողը Ucom-ում բարձրացնում ենք ամեն օր

Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանն իր կարիերան սկսել է «ՎԵՈՆ Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերությունում 2008 թվականին՝ որպես կորպորատիվ վաճառքի մասնագետ եւ 12 տարի հետո դարձել է նույն ընկերության կոմերցիոն տնօրենը։ Նման մասնագիտական աճի պարագայում ինչպե՞ս է 2020 թվականին ընդունել Ucom ընկերությունում աշխատելու առաջարկն, այն էլ այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնվել էր «լինել-չլինելու» հարցի առջեւ, ի՞նչ մասնագիտական հմտությունների շնորհիվ է հաղթահարել «սահմանային իրավիճակը» Ucom-ում՝ փորձել է պարզել Itel.am-ը ։

Ucom-ում կրակն արդեն մարված էր, բայց, այնուամենայնիվ, պետք էր շատ բան զրոյից սկսել

Ընկերությանը միանալը կշռադատված, երկար բանակցությունների արդյունքում դուրս բերված ու բարդ որոշում էր Ucom ընկերության ներկայիս կոմերցիոն տնօրենի համար։ Նա պատմում է, որ ընկերություն եկել էր այն ժամանակ, երբ 2020-ի «կրակն արդեն ինչ-որ չափով մարված էր»: Համավարակով, այնուհետեւ Ucom-ի ամբողջ ղեկավար անձնակազմի եւ մոտ 500 աշխատակիցների համաժամանակյա լքելու փաստով, պատերազմով եւ տեխնիկական լրջագույն մարտահրավերներով պայմանավորված իրավիճակին կողքից է հետեւել եւ հիացել «այն շատ խիզախ մարդկանցով, ովքեր միացել կամ մնացել են Ucom-ում ամենավճռական պահին ու կարողացել են դիմակայել» այն բոլոր վայրիվերումներին, որոնցով անցել է ընկերությունը:

«Երբ միացա Ucom-ին, ինչ-որ չափով կրակը մարված էր, արդեն անհրաժեշտ էր որոշել ընկերության հետագա քայլերը, կարճ ժամանակում, շատ արագ վերականգնել նախկինում եղած դիրքերը, շատ բաներ զրոյից կառուցել: Ucom-ին միանալու որոշումս մի վայրկյանում չեմ կայացրել։ Ինձ համար կարեւոր էր ներդնել ոլորտում ունեցած փորձս եւ այն գիտելիքները, որոնք ստացել եմ արտերկրում ուսման ընթացքում։ Միեւնույն ժամանակ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը, որտեղ աշխատել եմ 12 տարի, դուրս եկավ շուկայից։ Այդ ժամանակ իմ կարիերան այնտեղ համարեցի ավարտված: Այսինքն՝ կար մի պատմություն, որն ավարտվում էր, եւ եւս մեկը, որը նոր պետք է սկսվեր: Ու այդ նոր պատմության մեջ կար թիմ, որը շատ նվիրված էր, մարդիկ, ովքեր պատրաստ էին կառուցել, ներդնել իրենց բոլոր ուժերը, որպեսզի ընկերությունն այդ սահմանային իրավիճակից վերջիվերջո կարողանա դուրս գալ»։

Երբ խնդիրները շատ են, գտնվում են պատճառներ՝ ինչու չանել այս կամ այն բանը: Յուրաքանչյուր աշխատակցի կարեւորությունը հենց այսպիսի իրավիճակներում է ընդգծվում. երբ գալիս ես բողոքով, պետք է ունենաս նաեւ լուծում:

Ամենակարեւորը, որ միանգամից հասկացա՝ ընկերությունը change management-ի՝ փոփոխությունների կառավարման կարիք ունի, որպեսզի փոխվի մարդկանց վերաբերմունքը, աշխատելաձեւը եւ կազմակերպությունը կարողանա շարժվել այն ուղղությամբ, որը մենք նախանշել ենք: Այսպիսի իրավիճակներում շատ կարեւոր է հարցականի տակ դնել «անհնարին» բառով սկսվող բոլոր նախադասությունները: Շատ կարեւոր էր արագ որոշումներ կայացնելու հմտությունը, ինչը երբեմն վճռորոշ էր: Ժամանակը քիչ էր, անորոշությունը՝ շատ, շուկան՝ շատ ակտիվ, պետք էր ստանձնել այդ պատասխանատվությունը, դիմել ռիսկի եւ արագ որոշումներ կայացնել՝ անգամ չունենալով քեզ անհրաժեշտ բոլոր տվյալները, տեղեկատվությունը, թվերը, գրաֆիկները: Կարեւոր էր հասկանալ ընկերության ներուժը, կառուցվածքը, վերլուծել առկա մարդկանց կարողությունները եւ գտնել խնդիրների լուծման արդյունավետ տարբերակներ, քանի որ ես չէի եկել պատրաստի բանաձեւերով, թե այսինչ դեպքում մի բան աշխատել է, ուրեմն՝ հիմա էլ կաշխատի։

Արինա Առուստամյանը Արինա Առուստամյանը
photo © Հայկ Հովհաննիսյան


Որպես ղեկավար անընդունելի եմ համարում, երբ ինձ ասում են «ինչպես ասես, այնպես էլ կանեմ» նախադասությունը՝ առանց որեւէ տարբերակ առաջարկելու։ Արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է, որ աշխատակիցն անպայման բարձրաձայնի իր մասնագիտական նկատառումները, եթե համաձայն չէ այս կամ այն որոշման հետ։

Այսօր Ucom-ում մենք ստեղծում ենք այդ մշակույթը. նախաձեռնող լինելը խրախուսվում է, դրական փոփոխությունների առաջարկները ողջունվում բարձր ղեկավարության կողմից։

Երբ կան հստակ փաստեր, շուկայի իմացություն, փոփոխությունների տեմպի զգացում, միջազգային ընկերությունում աշխատելու փորձ եւ որոշակի carte blanche գործողություններում, մնում է միայն գործել եւ անել այն, ինչ ճիշտ ես գտնում։

Մասնագիտական ամենակարեւոր հմտություններից են ոլորտի, շուկայի եւ մրցակիցների լավ իմացությունը, համակարգային մտածելակերպը եւ ճկունությունը:

«Աշխատելով այլ ընկերությունում՝ ես միշտ ուսումնասիրել եմ մրցակիցների աշխատանքը, փորձը, բնականաբար, լավ գիտեի Ucom-ի թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը: Ի սկզբանե թե՛ տնօրինության, թե՛ Ucom-ի աշխատակիցների կողմից կար վստահություն՝ հաշվի առնելով իմ նախկին փորձը: Այսօր ինձ շատ ուրախացնում է այն, որ ընդամենը 10 ամիս անց մենք ունենք լավ արդյունքներ:

Իրական մարտահրավերը ոչ թե գործողությունների պլան եւ ռազմավարությունը կազմելն էր, այլ այդ ամենը կյանքի կոչելը։ Ամենալավ ռազմավարությունը ոչինչ է, եթե չկան այն իրագործողներ։ Սա այն մարտահրավերն է, որի առջեւ կանգնած է ոչ միայն Ucom-ը, այլ աշխարհի շատ ընկերություններ»։

Հայաստանում իրավիճակն անորոշ է. այսօր շատ ղեկավարներ ստիպված են ռազմավարության եւ գործողությունների պլանի մեկից ավելի տարբերակ մշակել

«Մենք ապրում ենք մի իրականությունում, որի վրա անմիջապես ազդել չենք կարող: Այնուամենայնիվ, գիտակցում ենք, որ ապրում ենք այս երկրում եւ, եթե կարողանում ենք ինչ-որ բանով աջակից լինել մեր երկրին, անում ենք: Որպես հեռահաղորդակցության ոլորտում աշխատող խոշոր ընկերություն՝ պարտավոր ենք մարդկանց տրամադրել անխափան կապ, ապահովել տվյալների փոխանցման անվտանգությունը, առաջարկել այնպիսի սակագնային պլաններ ու փաթեթներ, որոնք կգոհացնեն նույնիսկ ամենապահանջկոտ բաժանորդներին։

Արինա Առուստամյանը Արինա Առուստամյանը
photo © Հայկ Հովհաննիսյան


Համավարակն այսօր ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում է բարձրացրել անորոշության մակարդակը՝ դժվարացնելով որոշումների ընդունումը։ Այսպես կոչված «փոփոխությունների կառավարման» փուլում շատ գործարարներ չեն սահմանափակվում ինչ-որ մի կոնկրետ պլանով, այլ մտածում են երկրորդ, երրորդ տարբերակի մասին: Կարճացել է պլանավորման հորիզոնը, անորոշությունն այնքան շատ է, որ երբեմն ստիպված ես կարճաժամկետ լուծումներով առաջ գնալ:

Այսօր արագ կողմնորոշվելը եւ փոփոխություններին արձագանքելը յուրաքանչյուր ընկերության համար հաջողություն գրանցելու կարեւորագույն նախապայմաններից է  

«Հեռահաղորդակցության ոլորտը շատ դինամիկ է: Այն քիչ ոլորտներից է, որը զարգանում է աշխարհի տեմպերին համահունչ, այստեղ կա թե՛ առողջ մրցակցություն, եւ թե՛ մեծ մասշաբներ: Թվային տեխնոլոգիաների զարգացմամբ կապի ոլորտի մրցակցային դաշտն ընդլայնվել է, եւ այսօր մենք մրցակցում ենք ոչ միայն տեղական կապի օպերատորների հետ, այլեւ այնպիսի գլոբալ խաղացողների, ինչպիսիք են, օրինակ, WhatsApp-ը, Viber-ը, էլեկտրոնային կոմերցիայի միջազգային հարթակները։ Նման լուծումներից  հետո փոխվում են հաճախորդների պահանջները եւ սպասելիքը պրոդուկտի, սպասարկման որակի հանդեպ։ Սա բարդացնում է, բայց եւ հետաքրքրացնում է աշխատանքը»։  

Ղեկավար պաշտոնում կին լինելը միայն Հայաստանում չէ, որ մարտահրավեր է․ողջ աշխարհում է այդպես։ Այնուամենայնիվ, պետք է ուրախությամբ փաստել, որ Ucom-ում բարձր ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածությունն ավելի քան 30% է, իսկ միջին ղեկավար օղակներում կանայք 55%-ից ավելի են։

«Ղեկավար հաստիքներում կանանց ներկայացվածությունը համեմատաբար փոքր է ամբողջ աշխարհում: Անգամ ըստ ամերիկյան մեծ ընկերությունների վիճակագրության՝ բարձր ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածությունը 30% է, բայց այդ թիվը տարեց տարի աճում է, եւ շատ ուրախացնում է, որ այս առումով Ucom-ն աշխարհին համահունչ է:

Արինա Առուստամյանը Արինա Առուստամյանը
photo © Հայկ Հովհաննիսյան


Ես «Վեոն Արմենիայում» առաջին կին կոմերցիոն տնօրենն եմ եղել: Ու կարծում եմ, որ մենք բոլորս պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ մեր՝ կանանց, ընկալումը ղեկավար կամ պատասխանատու պաշտոններում հասարակությունում փոխվի: Մենք անընդհատ պետք է կիսվենք փորձով եւ ուղղություն ցույց տանք նոր մասնագետների համար։ Ես անցել եմ այդ ճանապարհը՝ վաճառքի մասնագետի հաստիքից մինչեւ կոմերցիոն տնօրեն եւ գիտեմ, որ դա հնարավոր է։ Դրա համար անհրաժեշտ է ուղղակի աշխատել, չվախենալ պատասխանատվությունից ու շարժվել առաջ։

Օքսֆորդի համալսարանում սովորելը եւ Բիզնեսի կառավարման ոլորտում (Executive MBA) մագիստրոսի կոչում ստանալը մասնագիտական եւ անձնական աճի կարեւոր շրջան է եղել Արինա Առուստամյանի համար

«Այդ ժամանակ ես զբաղեցնում էի մարքեթինգի ղեկավարի պաշտոնը, չունեի մագիստրոսի կոչում, բայց չէի ուզում ստանալ այդ կոչումը՝ CV-ում զուտ նշում կատարելու համար: Նաեւ ապրում էի Հայաստանում, երկար տարիներ աշխատում էի նույն ընկերությունում եւ ցանկանում էի նոր փորձառություն ձեռք բերել ու համակարգել գիտելիքներս։ Այդ պատճառով որոշեցի աշխարհի լավագույն համալսարաններից մեկում ուսումնառություն անցնել՝ համատեղելով աշխատանքիս հետ։

Արինա Առուստամյանը Արինա Առուստամյանը
photo © Հայկ Հովհաննիսյան


Սա ինքդ քեզ ճանաչելու լուրջ ճանապարհ է, հասկանալու քո իրական հնարավորությունները, զարգացնելու նոր հմտություններ: Բացի դրանից, այս ծրագիրը թույլ է տվել ձեռք բերել ավելի համակարգված գիտելիքներ։ Այս ծրագրի շրջանակներում տալիս են ոչ միայն ակադեմիական, տեսական գիտելիքներ, այլեւ երկու տարվա ընթացքում սովորեցնում են քանդել բոլոր կարծրատիպերը, հարցերի լուծմանը մոտենալ տարբեր տեսանկյուններից, այլ կերպ մտածել, անձնական աճ ունենալ եւ արդյունքում վերափոխվել որպես մասնագետ»:  

Ucom-ը մարդիկ են, պրոֆեսիոնալներ, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով բարձրացնում են որակի նշաձողը։   

«Ամենակարեւորն, ինչ ես դուրս եմ բերել այս երկար ճանապարհի ընթացքում, այն է, թե որքան կարեւոր են մարդիկ: Մարդիկ են աշխատում եւ ստեղծում, ամեն ինչի հետեւում կանգնած են մարդիկ՝ սկսած պարզագույն աշխատանքից մինչեւ մեծ ռազմավարություններ մշակելը: Այդ առումով, այն ինչ հաջողվեց անել Ucom-ում, մարդկանց պատրաստակամության եւ նվիրվածության արդյունք էր. ճգնաժամային տարում նրանք անում էին այն, ինչ չպետք է անեին, կամ երբեք չէին արել, ընդ որում՝ իրենց անձնական ժամանակի, անքուն գիշերների հաշվին: Ես շատ հաջողակ եմ, որ ունեմ նման թիմ, եւ վստահ եմ, որ մեր ամենօրյա աշխատանքով բարձրացնելու ենք որակի նշաձողը Ucom-ում։

Ucom-ն այսօր վերածնվել է եւ շարունակելու է դինամիկ զարգանալ՝ ամեն օր բաժանորդներին տրամադրելով ավելի որակյալ, ավելի կատարյալ ու նոր սերնդի պահանջներին համապատասխան ծառայություններ»։