18:02 | 24.09.21 | Հոդվածներ | 13955

Ձեզ մի՛ թերագնահատեք. Եվա Հյուսյանը՝ կին-ղեկավար լինելու մասին

Եվա Հյուսյանը Sololearn առցանց ուսուցման հարթակի համհիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Sololearn-ը ծրագրավորում սովորելու անվճար հարթակ է: Այսօր այն ավելի քան 21 մլն ակտիվ օգտատեր ունի ամբողջ աշխարհում:  

Authority Magazine-ը Եվա Հյուսյանի հետ զրուցել է ՏՏ-ում կանանց դերի, սխալների, հաջողությունների ու ոլորտում եղած միֆերի մասին:

Մանկության տարիներից հետաքրքրվում էի մաթեմատիկայով

Մանկության տարիներին շատ էի հետաքրքրվում մաթեմատիկայով եւ ցանկանում էի սեփական բիզնես հիմնել: Ցավոք, հետխորհրդային տարիներին գիտությունը դեռեւս պետության խիստ հսկողության ներքո էր, իսկ բիզնեսը սահմանափակվում էր փոքր ձեռնարկություններով: Այնպես որ, որպես մասնագիտություն ընտրեցի տնտեսագիտությունը, որովհետեւ այն ամենամոտն էր ու միավորում էր երկու հետաքրքրություններս:

Հետխորհրդային տարիներին ուսումը բավականին բարդ էր՝ պարբերաբար չէինք ունենում էլեկտրաէներգիա, նույնիսկ սնունդն էր սահմանափակ: Աշխատանք գտնելն առավել դժվար էր: Բարեբախտաբար, աշխատանք գտա մի ընկերությունում, որտեղից տեղափոխվեցի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID): Հետագայում դիմեցի Հայաստանում Microsoft-ի ինովացիոն կենտրոն եւ աշխատանքի անցա այդտեղ: Ինովացիոն կենտրոնից հեռանալուց հետո՝ 2014թ.-ին, ես եւ իմ գործընկեր Դավիթ Քոչարյանը հիմնեցինք Sololearn-ը, որն այսօր՝ 7 տարի անց, ավելի քան 21 միլիոն օգտատեր ունի ամբողջ աշխարհում եւ ավելի քան 30 միլիոն դոլար վենչուրային կապիտալ (VC):

Ամենատպավորիչ պատմությունը եւ ամենազվարճալի սխալը

Ամենահիշվող ու տպավորիչ պատմությունը հենց վենչուրային կապիտալի ներգրավումն էր: Երբ ընկերների եւ ընտանիքի ֆինանսական միջոցները սպառվեցին, դիմեցինք ներդրողներին: Ես ծանոթ չէի ու չէի հասկանում վենչուրային կապիտալի մշակույթը, եւ սկիզբը շատ դժվար էր ինձ համար:

Չգիտեմ՝ զվարճալի է արդյոք այս սխալը, բայց մենք դրանից շատ բան ենք սովորել: Ինչ-որ պահ ես եւ գործընկերս անկեղծորեն հավատում էինք, որ Sololearn-ը ծրագրավորողների համայնք է, որոնք հավաքվում են, խոսում կյանքի ու ծրագրավորման մասին: Ահա, թե ինչու ի սկզբանե ակնկալում էինք, որ մեր ընկերության ամենամեծ արժեքը սոցիալիզացիան է: Մեր մտածողությունն արագ փոխվեց, երբ հասկացանք, որ սոցիալական հարթակ չենք ու երբեք չենք դառնա: Մեր գլխավոր առաքելությունն ուսուցանելն է, ինչի վրա էլ կենտրոնացանք:

Մարդիկ, որոնք ոգեշնչել ու աջակցել են

Շատ հեշտ է մնալ նույն տեղում՝ մտածելով, որ չեք կարող կամ չպետք է ինչ-որ բան անեք միայն նրա համար, որ կին եք: Ծնողներս դաստիարակել են ինձ այնպես, որ աշխարհին նայեմ որպես վայր, ուր ամեն ինչ հնարավոր է՝ ով էլ դուք լինեք:

Եվա Հյուսյանը Եվա Հյուսյանը
photo © AIWA-SF


Մեծ տարիքում ամուսինս դրդեց, որ կարիերաս շարունակեմ տեխնոլոգիական ոլորտում: Նա հիանալի հայր ու ամուսին է, ով դիմացել է իմ բոլոր սթրեսներին ու էմոցիաներին, որոնք ունենում եմ որպես սթարթափի հիմնադիր:

Կանայք տարբերվում են, բայց նրանց աշխատանքի որակյալ է

Այսօր ավելի ու ավելի շատ կանայք են որոշում հիմնել ու ղեկավարել սեփական ընկերությունը: Կարծում եմ՝ հաջողության հասած կանանց մասին ավելի շատ պատմությունների կարիք կա: Կանայք ավելի սթրեսակայուն են, կանանց մոտ ավելի լավ է ստացվում միանգամից մի քանի խնդրով զբաղվել, սա ղեկավարի նոր տեսակ է, որի մոտ մարդիկ ցանկանում են աշխատել: Երբեմն մտածում եմ, որ երբեք չէի կարողանա սթարթափ ղեկավարել, եթե երեք երեխայի մայր չլինեի: Դա օգնում է ցանկացած անհաջողություն ու դժվարություն ընդունել պարզապես որպես ամբողջական գործընթացի մի մաս:

Կարծում եմ՝ կանանց ճանապարհին եղած խոչընդոտները հաղթահարելու համար պետք է մի քանի բան անել.

1. Ավելի շատ խոսել կանանց հաջողությունների պատմությունների մասին՝ շեշտը դնելով այն բանի վրա, թե ինչն են կանայք այլ կերպ անում:

2. Լրացուցիչ հետազոտություններ անցկացնել՝ հասկանալու կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների առանձնահատկությունները:

3. Չտարանջատել կանանց մյուսներից: Այո, մենք տարբեր ենք, բայց մեր աշխատանքի որակն ու արդյունավետությունը համաշխարհային մակարդակի վրա են:

Ինչու կանայք պետք է հիմնեն ու ղեկավարեն ընկերություններ

Կարծում եմ՝ կանայք կարողանում են ավելի լավ հասկանալ մարդկանց, նրանց արարքների դրդապատճառները, ցանկությունները: Սա օգնում է ավելի առողջ բիզնես ստեղծել ու ունենալ ավելի երջանիկ աշխատակիցներ:

Քանի որ կանայք ավելի խոցելի են, երբ գործը հասնում է վենչուրային կապիտալի ֆինանսավորմանն ու բիզնեսի հիմնմանը, մենք միշտ բաց ենք խնդիրների լուծման համար ու փնտրում ենք այդ լուծումները: Ես մտածում եմ կնոջ նման ու ուշադիր ուսումնասիրում եմ եղած բոլոր տարբերակները կարեւոր որոշում կայացնելուց առաջ:

Կանայք ավելի «քաղցած» են: Դռները մեզ համար բացվել են բոլորովին վերջերս ու մենք շատ ջանք են ներդնում ու ավելի նպատակասլաց ենք գնում դեպի հաջողություն:

«Միֆեր» կին ղեկավար լինելու մասին

«Կանանց չեն ողջունում գիտության, տեխնոլոգիայի, ինժեներիայի ու մաթեմատիկայի (STEM) բնագավառում». այս պնդումը ճիշտ կլիներ 10 տարի առաջ, բայց հիմա այն ճշմարտությունից հեռու է: Կին ղեկավարների ու ընկերությունների կին հիմնադիրների թիվն ավելանում է, որովհետեւ որպես համայնք՝ կանայք պահանջում ու վաստակում են տեղ յուրաքանչյուր սեղանի շուրջ:

«Ձախողվելը նորմալ է». իրականում՝ ոչ, դա նորմալ չէ: Սխալներ անել ու սովորել դրանց վրա հնարավորինս արագ՝ սա է նորմալ: Բայց ձախողումը նորմալ չէ, որովհետեւ դրա պատճառով դուք ձեզ խեղճացած եք զգում, եւ սա ազդում է աշխատանքի արդյունավետության վրա:

«Ընկերություններ հիմնող մարդիկ շատ զոհաբերությունների են գնում». Այո՛, բայց մեզ դա դուր է գալիս: Դա խաղի մաս է:

Հմտություններ, որ պետք է ունենա կինը սեփական ընկերությունը հիմնելու ու ղեկավարելու համար

1.    Մի՛ վախեցեք խոսել խնդիրների լուծման հնարավոր մի քանի տարբերակների մասին:

2.    Մարդկանց վերաբերվեք հարգանքով ու կարեկցանքով:

3.    Ձգտեք ավելի լավ հասկանալ մարդկանց ու նրանց քայլերը, որպեսզի կարողանաք ավելի հիմնավոր որոշումներ կայացնել՝ հիմնվելով մարդու ներուժի, ոչ թե այն բանի վրա, թե ինչ է նա խոսում:

4.    Ձեզ երբեք մի թերագնահատեք: Ամենակարեւորը՝ միշտ ունեցեք վստահություն ու հավատացեք ինքներդ ձեզ, նույնիսկ, եթե ինչ-որ հարցում մեծ փորձ չունեք:

5.    Եղեք այն, ինչ կաք: Միայն այս դեպքում կկարողանաք իրացնել ձեր ողջ ներուժը:

6.    Տեսանելի ու հասկանալի նպատակներ դրեք ընկերության յուրաքանչյուր աշխատակցի առաջ: Համոզվեք, որ այդ նպատակներն իրականացումն առավել լավ է ստացվում, երբ աշխատում եք թիմային, ոչ թե անհատապես:

Պատրաստել է Յանա Շախրամանյանը