10:23 | 17.09.21 | Հոդվածներ | exclusive 32232

Հայկական գուլպաների վաճառք Գերմանիայում. «EU4Digital»-ը՝ eCommerce-ի միջոցով ԵՄ շուկան մոտեցնում է հայ գործարարին

Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Այս հնարավորությունն ընկերությանն ընձեռել է «EU4Digital» նախաձեռնության գործարկած էլեկտրոնային կոմերցիայի (eCommerce) պիլոտային ծրագիրը, որը գործարկվել է Եվրոպական միության կողմից։ Ինչ արդյունքեր է գրանցել պիլոտային ծրագիրը, և ինչ է նշանակում դրա ընդլայնումը Հայաստանի համար:

Ի՞նչ է «EU4Digital»-ի էլեկտրոնային կոմերցիա (eCommerce) պիլոտային ծրագիրը

«EU4Digital» նախաձեռնության շրջանակում Եվրոպական միությունը  ձգտում է մեծացնել էլեկտրոնային առևտրաշրջանառությունը   Հայաստանի հետ: Այս նպատակին հետամուտ՝  2021 թվականի մայիս-հունիս ամիսներին փորձարկվեց  մի նորարարական լուծում՝ միտված  Արևելյան գործընկերության երկրներում գործող փոքր և միջին ձեռնարկությունները, առաքիչ օպերատորներին և մաքսային մարմինները միավորելուն։   

Պիլոտային «eCommerce» ծրագիրը, ենթադրում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի միջև էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ տվյալների ավտոմատ փոխանակման համար անհրաժեշտ գործիքակազմի ապահովում:

photo © Մեդիամաքս


«EU4Digital» նախաձեռնության էլեկտրոնային կոմերցիայի ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը ՀՀ ազգային փոստային օպերատորն է՝ ՀայՓոստը, որը հանդես է գալիս որպես կապող օղակ հայ ձեռնարկատերի և ԵՄ-ի միջև:

«Նախաձեռնության շրջանակում ստեղծվել է մի հարթակ, որը հայ արտադրողներին և գործարարներին թույլ է տալիս վիրտուալ պահեստ ներմուծել իրենց արտադրանքի տվյալները: Այնուհետև, դրանք ավտոմատ եղանակով հասանելի են դառնում ԵՄ տարածքում գործող վաճառքի օնլայն հարթակների, փոստային օպերատորների և մաքսային մարմինների համար: Սրա շնորհիվ դուրս է մնում վաճառողների կողմից տվյալների բազմակի մուտքագրման և մաքսային փաստաթղթերի պատրաստման անհրաժեշտությունը»,- պատմում է ՀայՓոստի կոմերցիոն տնօրինության ծրագրերի զարգացման փորձագետ Քրիստինե Ղուլյանը:

Քրիստինե Ղուլյանը Քրիստինե Ղուլյանը
photo © Մեդիամաքս


Արևելյան գործընկերության երկրներում ընտրվել են տեղական ընկերություններ, որոնց արտադրանքը պիլոտային ծրագրի իրականացման համար պետք է ներկայացվեր գերմանական eBay-ում: Հայաստանի պարագայում այդ հնարավորությունն ընձեռվել է «Զիլ գուլպաներ» բրենդին:

«Զիլ գուլպաներ»-ը՝ դեպի ԵՄ շուկա

«Զիլ»-ը բազմաոճ գուլպաների առցանց խանութ է, որը ներկայացնում է տրամադրություն հաղորդող տեսականի՝ կոտրելով Հայաստանում տարածված «ձանձրալի» ու միագույն գուլպաների կարծրատիպը:

«Զիլ գուլպաներ»-ի համահիմնադիր Հայկ Աբազյանի խոսքով՝ գուլպաների դիզայնը և արտադրությունը կազմակերպում են Չինաստանի իրենց գործընկերների հետ՝ մեկ առ մեկ ընտրելով ինքնատիպ պատկերներով տեսակները: Փաթեթավորման մեջ պահպանել են հայատառ անվանումը՝ ավելի գրավիչ բրենդավորման համար:

photo © Մեդիամաքս


«Զիլը մեր առօրյա խոսքից փոքր-ինչ դուրս մղված բառ էր: Փորձեցինք այն նորից ժամանակակից խոսակցական լեզու մտցնել՝ ձգտելով այս բառն ասոցացնել հենց մեր գուլպաների հետ»,- ասում է Հայկ Աբազյանը:

Նրա խոսքով՝ ընկերությունն աշխատում է օնլայն վճարման համակարգերով: Սա ևս պատճառ դարձավ, որ նրանք, տեղեկանալով ծրագրի մասին, ցանկացան փորձարկել վիրտուալ պահեստը՝ որպես էլեկտրոնային առևտրի լայն հարթակների հետ կապի նորարար լուծում:

«Արտահանման մասին վաղուց էինք մտածում, սակայն այդ ուղղությամբ աշխատելու համար շատ ժամանակ էր անհրաժեշտ: Ինչ-որ առումով դա մեզ համար գլխացավանք էր դարձել, մինչդեռ «EU4Digital» նախաձեռնությունը և ՀայՓոստը հեշտացրեցին մեր աշխատանքը՝ մի շարք գործողությունների ավտոմատացման շնորհիվ»,- հավելել է Հայկ Աբազյանը:

Հայկ Աբազյանը Հայկ Աբազյանը
photo © Մեդիամաքս


Ինչպե՞ս ընթացավ պիլոտային ծրագիրը

Պիլոտային ծրագրի մեկնարկին «Զիլ գուլպաներ» ընկերության ներկայացուցչի ներկայությամբ ՀայՓոստի աշխատակիցները վիրտուալ հարթակ են ներմուծել արտադրանքի տվյալները: Դրանք համապատասխանեցված են ԵՄ և միջազգային պահանջներին, և միայն մեկ անգամ է պետք մուտքագրել, մինչդեռ այլ պարագայում տվյալները փոստային ծառայությանն ու մաքսային մարմնին են տրամադրվում յուրաքանչյուր վաճառքի ժամանակ: Միջսահմանային գործարքների փոստային և մաքսային ծառայությունների համար անհրաժեշտ փաստաթղթերը ստացվում են վիրտուալ պահեստի միջոցով:

«Գործընթացը թեստավորելու համար բավական էր մեկ ապրանքի ֆիզիկական առաքումը դեպի Գերմանիայի պահեստ, որն էլ իրականացրեց ՀայՓոստը: Այդտեղից էլ ապրանքն արդեն այլ բեռնափոխադրողի շնորհիվ հասել է գնորդին: Գուլպաները արդյունավետ կերպով առաքվել են գնորդին, իսկ ապրանքի տվյալները պահպանվել են վիրտուալ պահեստում՝ հետագա վաճառքների պարագայում օգտագործելու համար»,- մանրամասնում է Քրիստինե Ղուլյանը՝ հավաստելով, որ թեստավորումը հաջող է ընթացել:

photo © Մեդիամաքս


«Այժմ տեխնիկական ադապտացման փուլում ենք. փորձում ենք այս վիրտուալ պահեստի հարթակը լիարժեքորեն համապատասխանեցնել մեր ներքին ծրագրերին, որպեսզի ավելի սահուն կերպով կարողանանք աշխատել տեղեկատվության փոխանցումների հետ»,-ասում է Քրիստինե Ղուլյանը:

Վիրտուալ պահեստը տեղական գործարարների համար փոխում է խաղի կանոնները. մեկ անգամ մուտքագրելով ապրանքը պահեստում՝ դրանք կարող են վաճառվել ցանկացած միջազգային օնլայն խանութում ինչպիսին eBay-ն է կամ Etsy-ը, իսկ ստանդարտացված տվյալները թույլ կտան փոստային ծառայություններին կազմակերպել առաքում և կապահովեն անխոչընդոտ մաքսային միջսահմանային գործընթացներ:

photo © Մեդիամաքս


Ի՞նչ է ծրագիրը տալիս Հայաստանին

Պիլոտային ծրագրի մեկնարկին նախագիծը համակարգել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ի նախագծերի ղեկավար Կարեն Մարտիրոսյանը կարևորել է ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև էլեկտրոնային առևտրի զարգացման շնորհիվ հավելյալ  արժեքի ստեղծումը:

«Անդրսահմանային առևտրի ոլորտում հիմնական խոչընդոտներից է կոմերցիոն գործարքների և բեռն ուղեկցող փաստաթղթերի թղթային շրջանառությունը, մինչդեռ էլեկտրոնային համակարգերն երկրների միջև ստեղծում են փոխվստահության մթնոլորտ: Մեկ այլ խոչընդոտ է նաև գործարարների պակաս տեղեկացված լինելն անհրաժեշտ փաստաթղթերից և պահանջներից: Եվրոպական շուկան ստանդարտներով հագեցած ու բավականին խիստ շուկա է, որտեղ մուտք գործելը մարտահրավեր է նաև խոշոր խաղացողների համար»,- պարզաբանում է Կարեն Մարտիրոսյանը:

Կարեն Մարտիրոսյանը Կարեն Մարտիրոսյանը
photo © Մեդիամաքս


«Էլեկտրոնային առևտրի և տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգերի ներդրման պարագայում բոլոր այս խոչընդոտները վերանում են, քանի որ համակարգն ի սկզբանե նախագծվում է օրենսդրության պահանջներին համապատասխան և գործարարին «հուշում է» անհրաժեշտ տեղեկատվության, պարտադիր լրացման դաշտերի և ձևաչափերի մասին»,- հավելում է նա՝ ողջունելով EU4Digital պիլոտային ծրագիրը որպես կարևոր քայլ հայկական ՓՄՁ-ներին աջակցելու ուղղությամբ:

«Այս ծրագիրը թույլ է տալիս հայկական փոքր և միջին բիզնեսին առանց շուկաների և օրենսդրության ուսումնասիրման, գործընկերներ գտնելու, տարբեր հարթակներում արտադրանքը ներկայացնելու համար անհրաժեշտ լրացուցիչ ռեսուրսների ներգրավման մուտք գործել եվրոպական շուկա: Բացի այդ, շահում է նաև հայկական սփյուռքը. պիլոտային ծրագրի շրջանակում դրական արձագանք ստացանք Գերմանիայի հայ համայնքից, որը մինչ այս ցանկանում էր օգտվել հայկական արտադրանքից, սակայն այն դժվարամատչելի էր իրենց համար»,- մանրամասնում է Կարեն Մարտիրոսյանը:

photo © Մեդիամաքս


Ինչպես են շահում ձեռնարկատերերը

Շարունակելով խոսել ծրագրի առավելությունների մասին՝ Քրիստինե Ղուլյանն էլ ընդգծում է անդրսահմանային գործընթացների արագացման հանգամանքը:

«Վիրտուալ պահեստի միջոցով տվյալները փոստային օպերատորին են ուղարկվում ինքնաշխատ եղանակով, որի հիման վրա էլ վաճառողը ստանում է կոդը»:

Վերջինս վաճառողներին անհրաժեշտ է փոստային բաժանմունքում ցույց տալու համար, որպեսզի նրանք կարողանան ապրանքը նույնականացնել ավտոմատ փոխանակված տվյալների հետ, որն արդեն առկա է համակարգում:

«Բացի այդ, վաճառքի տարբեր հարթակներում հաշիվներ բացելու անհրաժեշտություն չկա, սա ևս հոգում է համակարգը, իսկ այդ հարթակներից գնում կատարելու դեպքում՝ գումարն ավտոմատ փոխանցվում է մեր վաճառողների հաշվին»,- ասում է Քրիստինե Ղուլյանը:


Նա հավելում է, որ հոկտեմբերին նախաձեռնորղները ծրագիրն անմբողջապես կհանձնեն ՀայՓոստին, որից հետո կլինի լիարժեք գործարկում՝ այն հասանելի դարձնելով նաև այլ ՓՄՁ-ների:

Քրիստինե Ղուլյանը Քրիստինե Ղուլյանը
photo © Մեդիամաքս


Ծրագրով հետաքրքրվող գործարարները կարող են միանալ դրան՝ դիմելով ՀայՓոստի կոմերցիոն տնօրինություն ( էլ. հասցե՝ business@haypost.am):

Պիլոտային ծրագրում ընդգրկված «Զիլ գուլպաներ» ընկերության փորձն էլ Հայաստանի և ԵՄ-ի միջև էլեկտրոնային առևտրի հոսքերի արդյունավետ օպտիմալացման ապացույցն է:

«Կոնկրետ մեր պարագայում նոր շուկաների նվաճումն ու պահանջարկի աճը հնարավորություն կտա հետագայում պատվիրել նաև սեփական դիզայնով գուլպաներ: Այլ արտադրողներին խորհուրդ կտամ անպայման ընդգրկվել ծրագրում, քանի որ այն թույլ է տալիս խնայել ժամանակ և ընդլայնել իրացման շուկան, ինչը ցանկացած գործարարի համար ամենակարևորն է»,- հավելում է Հայկ Աբազյանը:

Էլեկտրոնային առևտրի խոչընդոտները

«EU4Digital»-ի էլեկտրոնային առևտրի ուղղության ղեկավար Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեի խոսքով՝ ծրագրի նպատակը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիների ու բիզնեսի համագործակցության համար հեշտ ճանապարհներ ստեղծելն է:  

photo © Մեդիամաքս


«Մենք փորձում ենք մշակել լուծումներ և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կօգնեն Արևելյան գործընկերության երկրներին ավելի մոտեցնել ԵՄ-ին: Մեր աշխատանքի մաս է կազմում նաև կոնկրետ լուծումների թեստավորումը, որոնք արդեն իսկ գործում են ԵՄ տարածքում և պետք է փոխադրվեն Արևելյան գործընկերության երկրներ: Պիլոտային ծրագիրը հենց այս մասին էր՝ ինչպես խթանել էլեկտրոնային առևտուրն ու վերացնել խոչընդոտները, որպեսզի ԵՄ շուկան մատչելի դառնա հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար»,- մանրամասնում է նա:

Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեն ընդգծում է, որ էլեկտրոնային առևտրի թեման էլ ավելի կարևորվեց Covid-19 համավարակի հետևանքով. եթե գնորդների համար առցանց առևտուրն այդքան էլ նոր երևույթ չէր, փոքր և միջին բիզնեսի համար այն մարտահրավեր էր:

«EU4Digital ծրագրի մեր գործընկերները սովոր էին վաճառել իրենց արտադրանքը դասական եղանակներով, մինչդեռ համավարակը պարտադրեց անցել էլեկտրոնային առևտրի, որի էկոհամակարգին ծանոթանալը շատ գործարարների համար հեշտ չէր»,- հավելում է նա:

photo © Մեդիամաքս


«Արևելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային առևտրին չնպաստող տիպիկ օրինակներ են կանխիկ վճարումներն ու առաքումը: Գնորդները սովոր են վճարել ապրանքի համար առաքումից հետո, մինչդեռ էլեկտրոնային առևտրի պարագայում գնորդը պետք է վճարի նախապես, ստանա իր ապրանքը, որից հետո հնարավոր է վերադարձ և փոխհատուցում»,- նշում է EU4Digital նախաձեռնության ներկայացուցիչը:

Նա հավելում է, որ ԵՄ տարածաշրջանում գործող առցանց առևտրի հիմնական հարթակները գործընկեր երկրների ձեռնարկատերերի կողմից չեն օգտագործվում տեղեկացվածության պակասի և ԵՄ շուկա մուտք գործելու բարձր գնի պատճառով. հատկապես փոքր ընկերություններն իրենց չեն կարող թույլ տալ ռեսուրսներ ծախսել ԵՄ էլեկտրոնային վաճառքի էկոհամակարգի ուսումնասիրության համար:

photo © Մեդիամաքս


«Այլ խոչընդոտ է այն, որ տեղական էլեկտրոնային վաճառքի հարթակները հարմարեցված չեն անդրսահմանային առևտրի համար, օրինակ, գների եվրոյով ներկայացված չլինելու կամ ապրանքի անգլերեն անվանման բացակայության տեսանկյունից: Բացի այդ, առաքման միջին ժամանակահատվածը Արևելյան գործընկերության երկրներում ավելի երկար է, քան Եվրոպայում: Այս բոլոր խոչընդոտները վերացնելու համար էլ մենք ստեղծեցինք վիրտուալ պահեստ, որն էլ հաջողությամբ փորձարկվեց eCommerce պիլոտային ծրագրում»,- ամփոփում է Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեն:

Զարգացում և ընդլայնում

Էլեկտրոնային առևտրի խթանմանն ուղղված այս մոդելի զարգացումը շարունակվում է պիլոտային ծրագրում ընդգրկված բոլոր երկրներում՝ լուծումը զարգացնելու վերաբերյալ տվյալ երկրների որոշման հիմքով:

Հայաստանի պարագայում ծրագրի զարգացման պատասխանատուն ՀայՓոստն է:

«ՀայՓոստը Հայաստանի ամենախոշոր լոգիստիկ ծառայություններ իրականացնող կազմակերպությունն է, այն ունի ՀՀ-ում ամենամեծ ցանցը՝ 850 փոստային բաժանմունք,  որոնք թույլ են տալիս արագ կազմակերպել Հայաստանի ցանկացած կետում գործունեություն ծավալող ձեռնարկատիրոջ ապրանքի ընդունումը բաժանմունք և Հայաստանից արտահանումը: Ինչպես նաև, լինելով ամբողջ գործընթացի համակարգողը՝ սկսած ապրանքի թվային ներմուծումից մինչև ապրանքի փաստացի փոխադրում, ՀայՓոստը իրականացնում է վերահսկողություն և նպաստում գործընթացի սահուն և որակյալ իրականացմանը»,- նշում է Քրիստինե Ղուլյանը:

photo © Մեդիամաքս


Նա հավելում է, որ նախագծում նոր ձեռնարկատերերի ներգրավումը սկսելու են պոտենցիալ մասնակիցների պահանջմունքների բացահայտմամբ՝ ԵՄ-ի հետ էլեկտրոնային առևտրի զարգացման համար:

«Այս պարագայում ՀայՓոստի առաջնային նպատակը ոչ թե շահույթի հետապնդումն է, այլ հայ արտադրողին աջակցելը: Հանդիսանալով փոստային կապի ազգային օպերատոր՝ ՀայՓոստը կրում է պատասխանատվություն ինչպես երկրի, այնպես էլ արտահանման զարգացման համար»,- ամփոփում է Քրիստինե Ղուլյանը:

Գայանե Ենոքյան



Էլեկտրոնային կոմերցիայի (eCommerce) պիլոտային ծրագիրը գործարկել է «EU4Digital»-ը՝ 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին, երբ պիլոտային երկրների ՓՄՁ-ներն իրենց ապրանքները վաճառքի հանեցին Գերմանիայում եւ գնումից հետո ապրանքի տվյալներն ավտոմատ կերպով փոխանակեցին առաքման օպերատորների եւ մաքսային ծառայությունների հետ: Եվրոպական միությունն իր «EU4Digital» նախաձեռնության միջոցով աջակցում է արեւելյան գործընկեր երկրների միջեւ եւ ԵՄ-ի հետ էլեկտրոնային առեւտրի (eTrade) դյուրացմանն ու ներդաշնակեցմանը՝ խթանելով էլեկտրոնային կոմերցիայի, էլեկտրոնային մաքսային ծառայությունների եւ էլեկտրոնային լոգիստիկայի ընդհանուր կառուցակարգերը եւ աշխատելով թվային տրանսպորտային միջանցքների ուղղությամբ:

Սույն հոդվածը պատրաստվել է «EU4Digital» ծրագրի հետ համագործակցությամբ: Հոդվածում արտահայտված տեսակետներն արտացոլում են բացառապես հեղինակի կարծիքը: