13:37 | 07.10.21 | Նորություններ | 1700

Մեկնարկել է ՏՏ ոլորտի ընկերությունների համար նախատեսված ForMath մրցույթի գրանցումը

«Այբ» կրթական հիմնադրամը եւ «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակը հայտնել են ForMath մրցույթի գրանցման մեկնարկի մասին։

Մաթեմատիկայի եւ տրամաբանության այս մրցույթի նպատակն է խթանել մաթեմատիկայի զարգացումը եւ ինքնակրթության ու այլընտրանքային կրթական ռեսուրսների տարածումը Հայաստանում։

Թիմերի մասնակցության վճարը կուղղվի «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակում մաթեմատիկական խնդիրների տեղայնացման եւ հայալեզու որակյալ կրթական ռեսուրսներին անվճար հասանելիություն ապահովելու համար։

Միջոցառումը նախատեսված է տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների համար։ Մրցույթին կարող են մասնակցել ՏՏ ոլորտի ընկերությունների հատկապես այն աշխատակիցները, ովքեր իրենց առօրյա գործում օգտագործում են մաթեմատիկական գիտելիքը։

«Այսպիսով, ընկերություններն այս ձեւաչափի շնորհիվ կկարողանան ոչ միայն ներդրում ունենալ Հայաստանում կրթական հնարավորությունների բազմապատկմանը, այլեւ նպաստել իրենց իսկ կազմակերպության կայուն զարգացմանը, քանի որ «Քան» ակադեմիայի հարթակից այսօր օգտվող երիտասարդներն ապագայում տեխնոլոգիական ոլորտի պոտենցիալ աշխատակիցներ կամ սպառողներ են», - ասված է հաղորդագրության մեջ:

Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում տեղակայված PMI Science գիտահետազոտական կենտրոնում։

Յուրաքանչյուր ընկերություն կարող է մասնակցել մրցույթին 4 աշխատակիցներից կազմված թիմով։ Մեկ թիմի մասնակցության վճարը կազմում է 200 000 դրամ։

Գրանցվելու համար պետք է մինչեւ հոկտեմբերի 15-ը info@ayb.am էլեկտրոնային հասցեին ուղարկել կազմակերպության անվանումը, գրանցման հաստատումը եւ կոնտակտային անձի անունը եւ հեռախոսահամարը։