16:00 | 27.09.21 | Նորություններ | 1909

ԳԱԱ-ում մեկնարկել է CSIT-2021 գիտաժողովը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում այսօր մեկնարկել է «Համակարգչային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2021» 13-րդ միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան եւ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:

ԳԱԱ-ից հատնել են, որ գիտաժողովին առկա եւ առցանց մասնակցում է ավելի քան 70 հետազոտող եւ ճարտարագետ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մակեդոնիայից, Վրաստանից եւ Իրանից։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը նշել է, որ միջոցառումը հնարավորություն է արտասահմանցի գիտնականների համար ծանոթանալու Հայաստանի հետ:

«Հայաստանի համար հիմա դժվար ժամանակներ են, բայց մենք շարունակում ենք աշխատել: Մենք գիտության մարդիկ ենք, եւ միայն մեր աշխատանքը կատարելով կհասնենք ամեն ինչի»,- ասել է նա:

Նիստերի հիմնական քննարկվող թեմաները նվիրված են արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման, ամպային եւ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, իմացական ալգորիթմների եւ մոդելների, գաղտնագրության եւ կիբերանվտանգության, դիսկրետ մաթեմատիկայի եւ կոմբինատոր վերլուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունների, ինֆորմացիայի եւ կոդավորման տեսության, բաշխված համակարգերի, կերպարների ճանաչման եւ պատկերների մշակման, հեռահաղորդակցության եւ ցանցերի հետ կապված հարցերին:

Գիտաժողովը իր աշխատանքները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 1-ը։