10:37 | 10.09.21 | Նորություններ | 3578
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուսավորվել են Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի փողոցները:
Գյուղում լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման աշխատանքները մեկնարկել են 2020թ.-ի աշնանը: Եղեգիսի հիմնական բոլոր փողոցներում տեղադրված ԼԵԴ լուսարձակները թույլ են տալիս խնայել ռեսուրսները, համայնքային բյուջեի միջոցների մի մասն ուղղել այլ խնդիրների կարգավորմանը եւ գիշերային ժամերին կանխել վայրի կենդանիների հնարավոր մուտքը: Ծրագիրն ունի նաեւ բնապահպանական բաղադրիչ:
2020թ.-ի ընթացքում, Եղեգիս համայնքում տեղադրվել է 41 ԼԵԴ լուսարձակ, լուսավորվել է շուրջ 1.5 կմ երկարությամբ ճանապարհահատված։ Աշխատանքները չեն դադարել նաեւ ընթացիկ տարում: Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը տրվել է: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ, 1.9 կմ երկարությամբ ճանապարհահատված լուսավորելու համար, տեղադրել եւս 50 ԼԵԴ լուսարձակ: Աշխատանքների ավարտից հետո, «Էկո գյուղերի ցանց» ծրագրում ընդգրկված Եղեգիսը գրեթե 90 տոկոսով լուսավորված կլինի:
Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը եւ այլոք:
«Մինչեւ տարեվերջ մեզ կհաջողվի գրեթե ամբողջությամբ լուսավորել մի գյուղ, որի տարածքում 13-14-րդ դարերում եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը: Դա պատիվ է մեզ համար: Իսկ առհասարակ, ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելը միշտ թիրախային է եղել մեզ համար: Դա բխում է մեր ընտրած կառավարման մոդելի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նպատակներից: Նման ծրագրերը կարեւոր են եւ՛ երկրի համաչափ զարգացման, եւ՛ բնության ռեսուրսները խնայողաբար սպառելու տեսանկյունից: Ուրախ եմ հերթական արդյունքի համար: Դրա համար մեզանից պահանջվել է ճկուն կառավարում, ներդրումներ, համակարգված աշխատանք եւ համբերություն»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: