15:44 | 17.08.21 | Նորություններ | 1715

Վիվա-ՄՏՍ-ը նոր գյուղտեխնիկա է նվիրել Արտաբույնք համայնքին

Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքին նվիրել են նոր եւ հեշտ կառավարելի գյուղատնտեսական տեխնիկա:

«Էկոգյուղերի ցանց» ծրագրի շրջանակում համայնքին նվիրաբերվել են գործարանային արտադրության «Բելառուս» տրակտորը եւ «Տուկան-1600» մոդելի հակավորիչ սարքը:

«Հողի մշակ լինելը բարդ, բայց պատվաբեր գործ է։ Աշխատավոր մարդը լավ գիտի հողի արժեքը։ Մեր նպատակը հեռավոր գյուղերում այդ պատասխանատու գործն անող մարդկանց աջակցելն է: Փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում իրականացնել տարբեր ծրագրեր: Համոզված ենք, որ այս աջակցությունը նույնքան կարեւոր է, որքան հեռավոր մարզերում ենթակառուցվածքների զարգացումը: Այսուհետ դուք հնարավորություն կունենաք ձեր առօրյա աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու եւ ստանալու առավելագույնը: Ամուր թելերով կապված մնացեք ձեր գյուղին եւ ամեն օր, ձեր աշխատանքով շենացրեք այն»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: