17:31 | 16.08.21 | Նորություններ | 1709

Մեկնարկում է առաջին նյարդաբանական հետազոտական ծրագիրը

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Ապկարյան հիմնադրամն (AF) ու Երեւանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) հայտարարել են առաջին նյարդաբանական հետազոտական ծրագրի մեկնարկի մասին։

ADVANCE STEM Research դրամաշնորհային ծրագրով իրականացվելիք հետազոտությունն աննախադեպ հնարավորություն է, որը նպատակ ունի ընդլայնել ու խթանել Հայաստանում նյարդաբանական հետազոտությունները, ինչպես նաեւ պատրաստել միջազգայնորեն բարձր որակավորում ունեցող հետազոտողների հաջորդ սերունդը։

Ծրագրով ԵՊԲՀ-ում կբացվի ամբողջությամբ ֆինանսավորվող 2 ասպիրանտուրական տեղ։ Ասպիրանտուրայի՝ մրցութային կարգով ընտրված 2 ուսանողը կընդգրկվեն ADVANCE դրամաշնորհային ծրագրում եւ կկարողանան օգտվել բացառիկ ռեսուրսներից ու կրթական հնարավորություններից: Ասպիրանտներին կղեկավարեն տեղական ավագ գիտաշխատողը եւ միջազգային ճանաչում ունեցող գլխավոր հետազոտողը։

Ծրագիրն ասպիրանտներին հնարավորություն կտա նորագույն գիտական հետազոտություններ կատարել ժամանակակից տեխնիկայով, ստանալ բարձրորակ մասնագիտական աջակցություն, տպագրվել գիտական բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում։

Ծրագրի մանրամասները եւ դիմելու կարգը հասանելի են այստեղ, դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ. սեպտեմբերի 7-ն է։