15:24 | 10.08.21 | Նորություններ | 2067

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ գրեթե ամբողջությամբ լուսավորվել է սահմանապահ Ոսկեպարը

Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արտաքին լուսավորության երկու ծրագիր են իրականացրել: Սահմանամերձ գյուղը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է:

Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թվականին: Տեղադրվել է 40 ԼԵԴ լուսարձակ, լուսավորվել՝ շուրջ 1500 մետր տարածք։ Համավարակով պայմանավորված՝ հետագա աշխատանքների ժամանակացույցը փոքր-ինչ փոխվել է, սակայն շինարարությունը չի դադարեցվել: 2020 թվականին աշխատանքները շարունակվել են։

Գործընկեր կառույցների ջանքերով գյուղի տարածքում տեղադրվել է եւս 31 ԼԵԴ լուսարձակ, որոնք լուսավորել են գյուղի շուրջ 1300 մետր ճանապարհահատված։ Վերջնական արդյունք ապահովելու ձգտումը գործընկերներից պահանջել է կամք եւ հետեւողականություն: Ծրագիրը չի դադարել անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում: Իրականացված աշխատանքներում շուրջ 20 տոկոսով, ներդրում է ունեցել նաեւ Նոյեմբերյանի համայնքապետարանը։
 
Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մուխսուդյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը եւ բնակիչներ:

«Երբ տարիներ առաջ սկսում էինք այս ծրագիրը, գիտակցում էինք, որ գյուղերում ենթակառուցվածքներ զարգացնելու գործընթացը պահանջելու է ժամանակ եւ ջանքեր: Շատ բնակավայրերում լուսավորության համակարգ գրեթե գոյություն չուներ: Որոշ գյուղերում սկսել ենք զրոյից: Մենք ընտրեցինք մի քանի փուլով ծրագիր իրականացնելու տարբերակը: Անհրաժեշտ էր սոցիալական պատասխանատվություն դրսեւորել այնպես, որպեսզի արդյունքից օգտվեին շատերը: Հատկապես սահմանամերձ գյուղերին օգտակար լինելու ցանկությունը պարտավորեցնում է, որպեսզի շարունակենք այս ծրագիրը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), առաջնորդվում են կարեւոր սկզբունքներով: Գործընկերների համար առաջնահերթություն է հատկապես սահմանամերձ բնակավայրերը լուսավորելու եւ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը նպաստելու նպատակը:

Ոսկեպարում հասցրել են գնահատել «Էկո գյուղերի ցանց» ծրագրի դրական ազդեցությունը: Բնապահպանական եւ էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա եւ ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար: