17:16 | 19.07.21 | Նորություններ | 2107
Հուլիսի 18-ին տեղի է ունեցել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) ազգային փուլը: ՌՀՕ-ի այս տարվա թեման եղել է «PowerBots – Էներգետիկայի ապագան», իսկ թիմերի գլխավոր խնդիրը՝ վերականգնվող էներգիայի օգտագործմանն ուղղված առաջադրանքների կատարումը։
Հայաստանում մրցույթն անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Օլիմպիադայի ազգային փուլի անցկացման հովանավորն է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը, որն արդեն չորրորդ տարին աջակցում է մրցաշարի անցկացմանը:
«Ռոստելեկոմ»-ից հայտնել են, որ ՌՀՕ 2021 ազգային փուլում հաղթել է «ՖիզՄաթ»-ի թիմը։ Մրցույթի WeDo տարիքային խմբում՝ MindCenter We Do 1 թիմը, տարրական տարիքային խմբում՝ YeLo Robotics-ը, կրտսեր տարիքային խմբում՝ MindCenter Junior թիմը եւ ավագ տարիքային խմբում՝ կրկին «Ֆիզմաթ»-ի թիմը։
Օլիմպիադայի հայաստանյան փուլին մասնակցել է 17 թիմ։ Ազգային փուլի հաղթող թիմերը ստացել են խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը եղել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցելու եւ Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը:
Առաջին անգամ միջազգային օլիմպիադային մասնակցելու հնարավորություն են ունեցել նաեւ մարզային սկսնակ թիմեր, որոնք «Այբ» կրթական հիմնադրամի մեկ այլ՝ «Լեգոստարտ-2021» ռոբոտաշինական մրցույթի շնորհիվ որոշակի փորձ են ձեռք բերել եւ կարողացել մասնակցել ազգային փուլին։
««Այբ»-ի հետ կայուն համագործակցությունը տարեցտարի ավելի արգասաբեր է դառնում, իսկ առանցքում կրթությունն է եւ նորարարական տեխնոլոգիաների կիրառումը: Այս տարի ՌՀՕ ազգային փուլին մասնակցում են նաեւ ամիսներ առաջ կայացած «Լեգոստարտ-2021» ռոբոտաշինական մրցույթի մասնակից մարզային թիմերից շատերը, որոնցից 3-ին «Ռոստելեկոմ» ընկերությունը ի սկզբանե տրամադրել էր Lego-Mindstorms EV3/NXT լեգոհավաքածուներ՝ ռոբոտաշինական հմտությունները զարգացնելու եւ նոր մակարդակի մրցույթների մասնակցելու նպատակով: Մեր ընկերությունը շարունակում է աջակցել՝ բացահայտելու ու խորացնելու աշակերտների ինժեներական միտքն ու ստեղծագործական կարողությունները»,- ասել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության կոմերցիոն տնօրեն Միխայիլ Ռազբաեւը:
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան եւ «Լեգոստարտը» հավակնում են դառնալ կարեւոր միասնական հարթակ, որտեղ կհամախմբվեն տեխնոլոգիական ընկերությունները, կրթական կենտրոններն ու ներդրողները մեկ միասնական գաղափարի շուրջ՝ վերարժեւորելու գիտությունը եւ ստեղծելու զարգացման կայուն միջավայր։
«Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլն անցկացվում է Հայաստանում արդեն վեցերորդ անգամ, եւ մենք շատ ուրախ ենք, որ այն ավելի մեծ մասշտաբների է հասել՝ նաեւ ի շնորհիվ մեր գործընկերների։ «Ռոստելեկոմ» Հայաստանն արդեն դարձել է մեր գաղափարական գործընկերը եւ մեզ հետ միասին առաջ է տանում ռոբոտաշինության շարժումը Հայաստանում։ Մեր երեխաներին այստեղ տեսնելով՝ հատկապես փոքրերին, հավատում ես, որ մեր երկրին հետաքրքիր տեխնոլոգիական ապագա է սպասվում»,- նշել է «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը:
ՌՀՕ-ի հայաստանյան փուլն այս տարի նոր ձեւաչափ է ունեցել․ մրցույթին զուգահեռ անցկացվել է նաեւ «Սոֆթբոտ» ռոբոտաշինական ցուցահանդեսը, որում ցուցադրվել են հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին ձեռքբերումները։