17:09 | 16.07.21 | IT պատանիներ | exclusive 38000

IT պատանիներ. Արագությունն ու կեղծ իրականությունը Հրակի ստեղծած խաղերում

Ապացուցված է՝ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց:

Հայաստանում շատ են պատանիները, որոնք առօրյայում սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում տեխնոլոգիական արտադրանք ստեղծել՝ խաղ, հավելված, ռոբոտ, ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

Շարքի այս անգամվա հերոսը 17-ամյա Հրակ Դովլաթյանն է՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից: Պատանու կարծիքով՝ Հայաստանում համակարգչային եւ մոբայլ  գրագետ խաղերի քաղց կա: Itel.am-ն էլ զրուցել է Հրակի հետը նրա ստեղծած խաղերի IT ոլորտում հմտությունների զարգացման մասին:

Սկզբում՝ կայքերի պատրաստում

Հրակի հետաքրքրությունը IT ոլորտի նկատմամբ սկսվել է մանկությունից, երբ տեսել է հայրիկին համակարգչով աշխատելիս, այն ֆորմատ անելիս: 12 տարեկանում որոշել է հաճախել «Արմաթ» խմբակ, որտեղ էլ սկսել է զարգացնել IT ոլորտի ընդհանուր գիտելիքները՝ռոբոտաշինություն, ծրագրավորում: Ավելի ուշ սկսել է հաճախել նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Հրակ Դովլաթյանը Հրակ Դովլաթյանը
photo © Մեդիամաքս


«Սկզբում կայքերի պատրաստում էի սովորում: Մեր թիմով փորձում էինք Apple-ի կայքը ստեղծել, ընկերությանն առաջարկել, որ Հայաստանում դրանով ներկայանան: Բավականին լավ ստացվեց, բայց ամենակարեւորն այն է, որ կայքի պատրաստման ընթացքում աշխատեցինք մի շարք կարեւոր ծրագրերի հետ, փորձ ձեռք բերեցինք: Կայքի ստեղծման համար օգտագործում էինք HTML, CSS, նաեւ մի քիչ Java Script: Իհարկե, լրիվ չէինք տիրապետում ծրագրերին, բայց կարողանում էինք գտնել մեզ համար ցանկալի կոդերը, տեղադրել անհրաժեշտ տեղում, փոփոխություններ կատարել, կարճ ասած՝ այդ տարիքում արդեն գլուխ հանում էինք շատ ծրագրերից»,-պատմում է Հրակը:

Ռոբոտաշինության գիտելիքներ

Հրակը շատ կարեւոր է համարում նաեւ բազային ռոբոտների ստեղծումը, որը սովորում են «Արմաթ» լաբորատորիայում:

«Բոլոր խմբակներում սկզբնապես պատրաստում են սեւ գծին հետեւող ռոբոտ, որի համար օգտագործում ենք ինֆրակարմիր ճառագայթներով աշխատող տվիչներ: Ինֆրակարմիր ճառագայթները սեւ գույնը կլանում են, իսկ մնացած գույներից անդրադարձնում, այդ ձեւով կարող ենք տվիչի օգնությամբ տարբերակել սեւ գույնը։ Ռոբոտ պատրաստելու համար մեր թիմով իրար նկատմամբ զուգահեռ տեղադրեցինք երկու սենսոր ու տվեցինք հրաման՝ երկու սպիտակ տեսնելիս գնալ առաջ այնքան, մինչեւ հանդիպի սեւի, եթե ձախ սենսորն է նկատում սեւը, ապա ռոբոտը թեքվում է ձախ, եւ հակառակը»,- հիշում է Հրակը:  

photo © Մեդիամաքս


Նա այժմ մտածում է այդ գաղափարը զարգացնելու մասին: Հրակը կարծում է, որ կարելի է հիվանդանոցների համար ռոբոտներ ստեղծել, որոնք կունենան իրենց ճանապարհն ու կսպասարկեն հիվանդասենյակները:

Խաղերի ստեղծման հմտություններ

Հետագայում նա սկսել է հմտանալ խաղերի պատրաստման ոլորտում, որի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է հայկական «Աղվես» համակարգչային ծրագրի շնորհիվ: Հետո սովորել է Scratch ծրագիրն ու լիարժեք յուրացրել բազային բոլոր հմտությունները:

«Հետագայում, երբ սկսեցի խաղեր ստեղծել Unity պրոֆեսիոնալ ծրագրով, զուգահեռներ էի տանում բազային ծրագրերի հետ ու հասկանում, որ շատ կարեւոր, կիրառելի հմտություններ եմ ձեռք բերել դրանց շնորհիվ: Unity-ի առավելությունն, իհարկե, այն է, որ խաղեր կարող ես ստեղծել 3D միջավայրում, պրոֆեսիոնալ անիմացիաներ ստեղծել, անգամ լուսավորության հետ աշխատել: Սա միայն դիզայնի մասը, էլ չխոսեմ մեխանիկայի հետ աշխատանքի մասին»,- ասում է Հրակը:

Հրակ Դովլաթյանը Հրակ Դովլաթյանը
photo © Մեդիամաքս


Խաղերի համար կերպարները հիմնականում փորձում է համացանցում գտնել, սակայն հմտացել է նաեւ անհրաժեշտության դեպքում դրանց ձեւափոխելու մեջ, աշխատում է հիմնականում Blender ծրագրով:

«Խաղերի հետ աշխատող ցանկացած մարդ պետք է անպայման մոդելավորման ծրագրերի հմտություններ եւս ունենա»,- կարծում է պատանին:

Հրակը խաղը՝ Google Play-ում

Խաղերի աշխարհում Հրակի առաջին մեծ նախագիծը «Risk Rasing»-ն է, որտեղ իշխողն արագությունն է:

«Խաղում ներկայացվում է դրա պատմությունը, ըստ որի Հայաստանում ստեղծել են տիեզերական այնպիսի մարմին, որը հավաքում է տիեզերական ուժերը, վերածում կինետիկ էներգիայի ու այն օգտագործում մի մոլորակից մյուսն անցնելու համար»:

Risk Rasing-ը խաղում են սմարթֆոնը շարժելու միջոցով: Կան մի քանի տիպի արգելնքներ. արագությունը թուլացնող, վտանգավոր, արագությունը մեծացնող:

photo © Մեդիամաքս


«Լրացուցիչ ցատկեր վաստակելու համար կա նաեւ գովազդ դիտելու հնարավորություն: Ճիշտ է, դրանից ես ընդամենը 0.15 դոլար եմ աշխատում, բայց դե ինչ-որ տեղից պետք է սկսել»,- ծիծաղում է Հրակը: Խաղը հասանելի է Google Play-ում, կարելի է անվճար ներբեռնել եւ խաղալ:

Կեղծ իրականություն

Այժմ Հրակը «Թումոյի» խմբակի իր ընկերների հետ աշխատում է նոր նախագծի ուղղությամբ, որը կոչվում է Fake Reality:

«Խաղի միջավայրը նման է լինելու սարսափ ֆիլմերին: Խաղի հերոսը երազի մեջ է: Նա պետք է փորձի գտնել այնպիսի իր, որը կհիշեցնի իրեն այդ իրականության պատրանքային լինելու մասին, որպեսզի կարողանա դուրս գալ երազից: Խաղի գաղափարը ծնվել է Լեոնարդո Դի Կապրիոյի դերակատարմամբ «Սկիզբ» ֆիլմի տպավորություններից: Գրաֆիկան ստանալը բարդ է լինելու, սակայն խաղի մեխանիկան արդեն պատրաստ է»,- մանրամասնում է Հրակը:

Նա կարծում է, որ թեեւ խաղերը որոշակի կախվածություն են առաջացնում, սակայն միեւնույն ժամանակ օգտակար ազդեցություն կարող են ունենալ մի շարք ուղղություններով:

photo © Մեդիամաքս


«Խաղերն օգնում են այլ հայացքով նայել տարբեր հարցերի: Կարծում եմ, որ կոնկրետ իմ ստեղծած խաղը ռեակցիան է զարգացնում, օգնում արագ կողմնորոշվել: Կարելի է բազմաթիվ ուսուցողական խաղեր ստեղծել, իսկ գրագետ խաղերի քաղց Հայաստանում վստահաբար կա: Բացի այդ, խաղերի պատրաստման ծրագրերի իմացությունը, օգնում է ստեղծել տարբեր տեսակի սիմուլյատորներ՝ այս կամ այն համակարգերը վիրտուալ միջավայրում փորձարկելու համար»,- հավելում է նա:

Հայաստանի մասին երազանքը

Հրակն այս տարի ընդունվում է Եվրոպական համալսարան՝ կրթվելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն նա վստահ է, որ այստեղ զարգացման գաղտնիքն ինքնակրթությունն ու տարբեր դասընթացների պարբերաբար մասնակցելն է:

«Հատկապես IT ոլորտում զարգացումն այնքան արագ է տեղի ունենում, որ պետք է դրա հետեւից ձգտել հասնել, իսկ միայն համալսարանական կրթությամբ դա հազիվ թե հնարավոր լինի»,- ասում է պատանին:

Թեեւ դպրոցն այս տարի է ավարտել, սակայն արդեն աշխատում է ծրագրավորման ոլորտում: Երազում է Հայաստանին տեսնել ամենահզոր երկրների ցանկում, որի համար անպայմանորեն կունենա իր ներդրումն ինչպես ընդհանուր տեխնոլոգիական, այնպես էլ հենց ռազմարդյունաբերության զարգացման գործում:

Գայանե Ենոքյան