16:19 | 09.07.21 | Հոդվածներ | exclusive 2322

Applied Statistics and Data Science ծրագիրը 14 շրջանավարտ ունի

ԵՊՀ Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի «Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը երկրորդ՝ թվով 14 շրջանավարտներն է տվել։

Հուլիսի 9-ին, 203 լսարանում՝ ծրագրի լաբում, շրջանավարտներին դիպլոմները հանձնել է ծրագրի ղեկավար Կարեն Քեռյանը։

«Ուսանողները կարողացել են բավական հետաքրքիր մագիստրոսական թեզեր գրել, նրանցից երկուսը համագործակցում էին արտասահմանում գտնվող գիտնականների հետ, իսկ աշխատանքներից մեկն այնքան լավ է ստացվել, որ որպես հոդված տպագրվելու է»,- ասել է Կարեն Քեռյանը։

Միքայել Պողոսյանը եւ Կարեն Քեռյանը Միքայել Պողոսյանը եւ Կարեն Քեռյանը
photo © Մեդիամաքս


Երեք տարի առաջ՝ ֆակուլտետի դասախոսներ Միքայել Պողոսյանի եւ Կարեն Քեռյանի ջանքերով ստեղծված մագիստրոսական ծրագրի շրջանավարտներն այսօր հաջողությամբ կարողանում են կիրառել իրենց ստացած գիտելիքները տարբեր ընկերություններում, ապահովված են բարձր վարձատրվող աշխատանքով։

Կարեն Քեռյանն ասել է, որ ծրագիրը ներդնելիս Միքայել Պողոսյանի հետ հույս ունեին, որ բացի ինդուստրիայի համար կադրեր աճեցնելը, 10 ուսանողից գոնե մեկը կշարունակի իր գործը գիտության մեջ։

Լիլիթ Հովսեփյանը Լիլիթ Հովսեփյանը
photo © Մեդիամաքս


Այդ 10-ից մեկը կարմիր դիպլոմով ծրագիրն ավարտած Լիլիթ Հովսեփյանն է, ով ասպիրանտուրան շարունակելու է Ֆրանսիայում։

«Մագիստրոսական այս ծրագրի շնորհիվ այնքան հմտություններ եւ գիտելիք ունեմ, որ աշխատանքի բազմաթիվ առաջարկներ եմ ստացել տարբեր ընկերություններից։ Ավելի խորանալով տվյալագիտության մեջ՝ հասկացա, որ շատ եմ սիրում այս ուղղությունը։ Երբ առաջարկ ստացա PհD անելու, միանգամից համաձայնեցի, քանի որ դեռ անելիքներ ունեմ»,- ասել է Լիլիթը։

Արթուր Սահակյանը Արթուր Սահակյանը
photo © Մեդիամաքս


«Փորձը ցույց տվեց, որ գործը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Շրջանավարտները, որպես կանոն, գոհ են իրենց ստացած գիտելիքից»,- ասում է Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը։

photo © Մեդիամաքս


Դեկանն ասել է, որ ծրագրի ստեղծման օրվանից կարողացել են համագործակցել ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների հետ, որոնցից Webb Fontaine-ը եւ 2Hz-ը 12 համակարգչով կահավորել էին ծրագրի լաբորատորիան՝ 2019թ․-ին, իսկ նախորդ տարվա ընդունելությունից հետո, երբ ծրագիրն ունեցավ 30 ուսանող, Krisp-ի ջանքերով համակարգիչների թիվն ավելացել է եւս 15-ով։

Արտավազդ Մինասյանը եւ Գեղամ Գեւորգյանը Արտավազդ Մինասյանը եւ Գեղամ Գեւորգյանը
photo © Մեդիամաքս


Դիպլոմների հանձնման միջոցառման ժամանակ դեկանը շնորհակալագրեր է հայտնել մագիստրոսական ծրագրին աջակցող բոլոր ընկերություններին, իսկ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը ԵՊՀ ոսկե մեդալով է պարգեւատրել Krisp ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արտավազդ Մինասյանին՝ համալսարանական կրթության զարգացման մեջ ունեցած ավանդի եւ ներդրման համար։

Գեղամ Գեւորգյանը Գեղամ Գեւորգյանը
photo © Մեդիամաքս


«Բարեբախտաբար, անցնում են այն ժամանակները, երբ մարդիկ կրթություն էին ստանում հանուն դիպլոմի, եւ ես վստահ եմ, որ այս ծրագիրը ապագա ունի, դիմորդներն էլ ավելի են շատանալու, իսկ շրջանավարտները կկարողանան իրենց անձնական ապագան կառուցել այս ուղղության մեջ։ Ուրախ եմ, որ իմ հարազատ ֆակուլտետում առաջանում են նման կրթական ծրագրեր»,- ասել է Գեղամ Գեւորգյանը։

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի