11:32 | 08.07.21 | Նորություններ | 1854

ԱՐՄԵԴ համակարգը սերտիֆիկացվել է միջազգային ISO/IEC 27001 ստանդարտով

«էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը եւ վերջինիս կողմից սպասարկվող էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը TÜV NORD CERT  ընկերության կողմից սերտիֆիկացվել են միջազգային ISO/IEC 27001 ստանդարտով՝ դառնալով  նման սերտիֆիկացում ունեցող եզակի ընկերություններից մեկը Հայաստանում:

ISO/IEC 27001 ստանդարտը վերաբերում է տվյալների պաշտպանության ոլորտում տեղեկատվության անվտանգությանը ու տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերին եւ տրվում է դրանց ստեղծման, ներդրման, վերահսկողության ու շարունակական բարելավման ոլորտներում միջազգայնորեն հաստատված ստանդարտների պահպանման համար: ISO 27001-ի եւ IEC-ի ստանդարտներով համատեղ սերտիֆիկացումը նշանակում է անվտանգության առավելագույն աստիճանի համապատասխանություն։
 
Սերտիֆիկատը տրվել է երեք տարի ժամկետով՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի տեղեկատվական տեխնոլոգիական ենթակառուցվածքների կառավարման, E-health հավելվածների աջակցության ու սպասարկման համար:

«Նման բարձրակարգ միջազգային ստանդարտացում անցնելու համար մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել: Մեր ընկերության համար, որն իրականացնում է ԱՐՄԵԴ համակարգի տեխնիկական կառավարումն ու բարելավումը, ծրագրակազմի սպասարկումը, միջազգային կարգի այսպիսի սերտիֆիկացումը կարեւոր էր: Այն հավաստագիր է, որը վկայում է բարձր որակի ծառայությունների մատուցման,  միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացվող աշխատանքների մասին»,- ասել է «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գլխավոր տնօրեն Ավետ Մանուկյանը: