11:16 | 06.07.21 | Նորություններ | 4159
Վիվա-ՄՏՍ ընկերությունը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» բնակարանաշինության հարցում կաջակցեն նաեւ պատերազմի հետեւանքով տնազուրկ դարձած, Արցախից ժամանած եւ տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին:
2021թ.-ի բնակարանաշինության ծրագիրը մեկնարկել է, կողմերը ստորագրել են գործակցության պայմանագիրը եւ անցել ծրագրի հերթական փուլերին: Գործընկեր կազմակերպությունների ղեկավար թիմերը շրջայցով եղել են Վայոց ձորում եւ հանդիպել Արցախից Եղեգնաձոր տեղափոխված Ղամբարյանների ընտանիքին, որը ներառվել է բնակարանաշինության ծրագրում:
Այս տարվա բնակարանաշինության ծրագրի իրականացման համար Վիվա-ՄՏՍ-ը հատկացրել է 225 մլն դրամ:
«Երկրում ստեղծված իրավիճակն ու պատերազմի դաժան ձեռագիրը պատճառ դարձան, որպեսզի մեր ընկերությունը վերանայի իր ռազմավարությունը եւ ճկուն մոտեցում դրսեւորի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի (ԿՍՊ) իրականացման հարցում: Բնակարանաշինության՝ այս տարվա ծրագրում եւս եղան որոշ փոփոխություններ: Մեր գործընկերների հետ ընդունեցինք կարեւոր որոշում: Այն թիրախային խումբը, որին աջակցել ենք ավելի քան տասը տարի, դարձյալ չի անտեսվելու, սակայն կա նաեւ կյանքի բերումով կրկնակի հարված ստացած ընտանիքներին ամուր հենարան լինելու անհրաժեշտություն: Մենք լինելու ենք նաեւ Արցախից տեղահանված եւ անտուն մնացած ընտանիքների կողքին: Աջակցելու ենք սիրով, համբերությամբ եւ ձգտելու ենք տարածել դրական էներգիա: Մեզ բոլորիս դա շատ անհրաժեշտ է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն էլ հայտնել է, որ նախատեսվում է հատկացված բյուջեով աջակցել 84 ընտանիքի. «Մինչեւ տարեվերջ ավարտին կհասցնենք 44 կիսակառույց տան շինարարություն եւ 40 տան վերանորոգման աշխատանքներ: Ընտանիքների մի մասի հետ աշխատանքներն արդեն սկսել ենք, մյուս մասը դեռ ընտրության փուլում է: Հույս ունենք, որ ծրագրի աջակցությամբ՝ ընտանիքները կհիմնավորվեն եւ ազգին ճակատագիր դարձած տեղահանումները այլեւս չեն կրկնվի»: