14:10 | 03.06.21 | Նորություններ | 10427

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ տուն է կառուցվել Արփի գյուղում

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի արդյունքում, 2020 թվականի ընթացքում լուծվել է 96 ընտանիքի բնակարանի խնդիր՝ նախապես պլանավորված 37-ի փոխարեն:
 
Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ բոլոր առումներով բարդ 2020 թ.-ին, բնակարանաշինության ծրագիրը լիարժեք շարունակվել է Հայաստանի բոլոր մարզերում: Թե կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի, թե պատերազմի ընթացքում, ընտանիքները շարունակել են իրենց տների շինարարությունը: Աշխատանքները երբեմն կարճաժամկետ դադարեցնելու միակ պատճառը եղել է տանտերերի՝ ռազմաճակատում լինելը: Անգամ այդպիսի պայմաններում, մարդկանց հաջողվել է իրականացնել իրենց տարիների երազանքը:
 
Վայոց Ձորի Արփի գյուղում ապրող Գեւորգ Աղաջանյանը պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում: Չորս զավակների հայրն առաջնեկին ու եռյակ զավակներին ապահով մեծացնելու համար, իր առջեւ երկու խնդիր է դրել. պաշտպանել հայրենիքն ու տուն կառուցել: Աղաջանյանների ընտանիքն ավելի քան տասը տարի բնակվել է ուրիշի բնակարանում, հետո տեղափոխվել է կիսակառույց տան նկուղ: Երբեմնի խոնավ ու մութ նկուղն այսօր հիշողություն է դարձել: Շինարարությունն ավարտել են եւ տեղափոխվել կենցաղային բոլոր հարմարություններով ապահովված տաք բնակարան:
 
«Կարեւոր է ոչ միայն այն, թե ինչ նպատակներ ունեք, այլեւ այն, թե ինչպես եք հասնում դրանց: Եթե կա կամք, անպայման հաջողելու ցանկություն եւ դժվարությունների առջեւ կանգ չառնելու վճռականություն՝ հաղթահարելի են նաեւ խնդիրները: Հաճելի է տեսնել, որ այս մոտեցման կողմնակից են ոչ միայն մեր գործընկերները, այլեւ տարբեր մարզերում ապրող, երազանքների իրենց տունը կառուցող հայ ընտանիքները: Մարտահրավերներին արձագանքելու՝ ձեր օրինակը գնահատելի է: Երկրին եւ ընտանիքին օգտակար լինելու ձգտումը ձեզ դարձրել է ուժեղ: Շարունակեք ապրել այդպես եւ օրինակ ծառայել ձեր զավակներին»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ծանր ժամանակներ ենք ապրում, սակայն մեր ուժը մեր կառուցողականության մեջ է: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է կարողանանք առավելագույնս իրականացնել մեր աշխատանքը: Վիվա-ՄՏՍ-ի սոցիալական պատասխանատվության զգացումը եւ մեր կազմակերպության սկզբունքները, երբ ընտանիքն ինքն է իր տան կառուցողն ու պատասխանատուն, հրաշքներ են գործում. ամրացնում են մեր երկրի ողնաշարը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության իրականացման համար Վիվա-ՄՏՍ-ը կատարել է 230 մլն դրամից ավելի ներդրում՝ հիմնովին փոխելով բազում ընտանիքների կյանքի որակը: