«Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» վիրտուալ ցուցահանդեսը, որը DataArt տեղեկատվական տեխնոլոգիաների թանգարանի մի մասն է, պատմում է հայ էլեկտրոնային ինժեներների եւ XX դարի երկրորդ կեսին նրանց կողմից ստեղծված հաշվիչ տեխնիկայի մասին:
1956 թվականին բացված Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳԻ) դարձել էր ԽՍՀՄ առաջին կազմակերպություններից մեկը, որն ի սկզբանե կենտրոնացած էր ԷՀՄ (էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ) մշակման վրա: ԵրՄՄԳՀԻ-ի ամենավաղ խոշոր նախագծերը շահագործման հանձնվեցին 1960-ականների սկզբին, հաջորդ 30 տարիների ընթացքում հայ կոնստրուկտորները նշանակալի դեր խաղացին Արեւելյան Եվրոպայում հաշվիչ տեխնիկայի զարգացման պատմության մեջ:
Երեւանում նախագծվում եւ հավաքվում էին գիտության եւ կրթության, արդյունաբերության եւ տրանսպորտի, կառավարման եւ պաշտպանության ոլորտների համար նոր մեքենաներ:
ԵրՄՄԳՀԻ-ի առավել ուշագրավ մշակումներից են «Նաիրի» ընտանիքի հաշվիչ մեքենաները, որոնց էվոլյուցիան գրեթե ավարտվեց խորհրդային լիարժեք անհատական օգտագործման համակարգչի (ԱOՀ) ստեղծմամբ. ԽՍՀՄ-ում երկաթուղային տոմսերի վաճառքի առաջին ավտոմատացված համակարգը, միջազգային ՄՀ ԷՀՄ (Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների միասնական համակարգ)-ի առավել բալանսավորված մեքենան, ռազմավարական ավիացիայի հաշվիչ համակարգերը:
«Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագիծը լուսաբանում է նրանց պատմությունը` հիմնվելով ոչ միայն բաց աղբյուրներից եւ հրապարակումներից, այլեւ ԵրՄՄԳՀԻ-ի նախկին աշխատակիցների` կոնստրուկտորների եւ մշակողների հետ հարցազրույցներից ստացված նյութերից:
Itel.am-ի եւ DataArt-ի համագործակցության շնորհիվ «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագծի որոշ հատվածներ ներկայացնում ենք մեր կայքում:
Հայկական ԽՍՀ ռադիոէլեկտրոնային արդյունաբերության զարգացման նախագիծը
Խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Յակով Զարոբյանը, ով զբաղեցնում էր ՀԽՍՀ Կոմունիստական կուսակցության կենտկոմի արդյունաբերության գծով քարտուղարի պաշտոնը, գտնում էր, որ նոր տեխնոլոգիաների արագացված զարգացումը կարող է մեծ թվով աշխատատեղեր ապահովել՝ հումքի եւ էլեկտրաէներգիայի չափավոր ծախսով: Խիտ բնակեցված հանրապետության տնտեսության համար ժողովրդագրական աճի եւ օգտակար հանածոներով տարածքի համեմատաբար աղքատության պայմաններում էլեկտրոնային սարքերի արտադրությունը կարող էր իսկական փրկություն դառնալ:
Մշակված նախագիծը ուղարկվեց ԽՄԿԿ Կենտկոմ, եւ Կրեմլում կայացած խորհրդակցության ժամանակ Զարոբյանն առաջարկ ներկայացրեց Նիկիտա Խրուշչովին, որը վերջերս էր վերադարձել ԱՄՆ-ից եւ մտահոգված էր սովետական հաշվիչ տեխնիկայի հետամնացությամբ: Ռադիոէլեկտրոնային արդյունաբերության զարգացման նոր կենտրոն դառնալու Հայաստանի օգտին փաստարկը գիտական եւ կրթական բազայի առկայությունն էր:
1956թ. հունիսի 29-ին ԽՄՀՄ Կենտկոմը եւ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը ընդունեցին «Գիտահետազոտական ինստիտուտների (ԳՀԻ), նախագծային բյուրոների (ՆԲ) եւ գործիքաշինական գործարանների գործիքաշինության ինժեներական եւ ավտոմատացման սարքավորումների նախարարության կառուցվածքում կազմակերպման մասին» թիվ 897 որոշումը: Որոշման համաձայն, առաջիններից մեկը ստեղծվեց Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ), որի տնօրենը դարձավ 28-ամյա մաթեմատիկոս, ԽՍՀՄ պատմության մեջ գիտությունների ամենաերիտասարդ դոկտոր եւ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Մերգելյանը: