16:00 | 30.04.21 | Հարցազրույցներ | exclusive 28725

Գագիկ Արզումանյանը՝ պետական կարիերայի, Ucom-ի եւ Աստծո նվերի մասին

Ucom ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Գագիկ Արզումանյանը երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ե՛ւ հանրային, ե՛ւ մասնավոր ոլորտում։ Արզումանյանը եղել է ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար,  «Վալլեքս» խմբի փոխնախագահ, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը։

Գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Լոնդոնի բիզնես դպրոցը եւ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցը, ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Itel.am-ը նրա հետ զրուցել է Ucom ընկերության եւ Հայաստանի տնտեսական ներկա փուլի մասին։

Լուսանկարչությունն ու բրիջը

«Շատ լավ լուսանկարներ ունեմ, որոնց մի մասը տանն է, մյուս մասը նվիրել եմ ընկերներիս։ Հիմա լուսանկարչական տեխնիկաս նվիրաբերում եմ «Երեւան, իմ սեր» հիմնադրամին, մեր լուսանկարչին այն ավելի անհրաժեշտ է»։

Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին փոխնախարար Գագիկ Արզումանյանը մեր լուսանկարիչ Էմինին տեսնելուց հետո ճշգրտում է լուսանկարչական խցիկի տեսակը։

Սիրում է լուսանկարել, ճանապարհորդելիս էլ մշտապես կրել է ֆոտոխցիկներով մի մեծ ուսապարկ։ Հիմա հեռախոսներն են փոխարինում ֆոտոխցիկին։

«Իմ ամենասիրելի լուսանկարը Նյու Յորքի կենտրոնական այգու՝ իմ կուռքերից Ջոն Լենոնին նվիրված «Imagine» հուշարձանի լուսանկարն է։ Եթե Google-ում որոնեք, այդ հուշարձանի տասնյակ հազարավոր լուսանկարներ կգտնեք, բայց համեստաբար կարող եմ ասել, որ իմ լուսանկարը լավագույններից է։

Գագիկ Արզումանյանը Գագիկ Արզումանյանը
photo © Մեդիամաքս


Վենետիկից գիշերային լուսանկարների շարք ունեմ, որը զարմացրել է պրոֆեսիոնալ լուսանկարիչներին։ Առանձնացնում եմ Մոսկվայում արված լուսանկարների շարքը։ Ի դեպ, ոչ մի լուսանկար չեմ վերամշակում»։

Գագիկ Արզումանյանը նաեւ բրիջ խաղի երկրպագու է՝ այն համարում է մարդկության պատմության ամենահետաքրքիր խաղերից մեկը։

Ուորեն Բաֆեթի եւ Բիլ Գեյթսի ամենասիրելի՝ օլիմպիական մարզաձեւ համարվող թղթախաղ բրիջի ազդեցությունն այնքան մեծ է Արզումանյանի կյանքում, որ Կոլումբիայի համալսարանում սովորելու տարիներին, դասընթացներից՝ Ղեկավարման բանակցությունների ավարտական թեզը նա գրել է հենց այս թեմայով։ Դասախոսն այն անվանել է երբեւէ տեսած լավագույն աշխատանքներից մեկը։

«Իմ աշխատանքը կառուցել էի բրիջի շուրջ՝ ներկայացնելով ու վերլուծելով, թե ինչպես են բանակցություններն ընթանում այս խաղում։ Թեեւ սա թղթախաղ է եւ թվում է՝ այստեղ կարեւոր է պատահականության գործոնը, օրինակ՝ լավ խաղաքարտի դեպքում հաղթում ես, վատ խաղաքարտի դեպքում ՝ պարտվում, բայց՝ ոչ։ Մարզական բրիջի յուրահատկությունը հենց դրանում է՝ խաղաքարտի ազդեցությունը քո հաջողության գործում զրո է, ամեն ինչ կախված է քո մտավոր կարողություններից, խաղընկերոջը հասկանալու և արագ կողմնորոշվելու ունակությունից»։

Կուռքեր ու ընթերցանություն

«Գործարար աշխարհի իմ կուռքերից է Հենրի Ֆորդը։ Մարդկային որակներով ինձ համար մեծություն է Կարլ Յունգը՝ նրան ընթերցելուց հետո մարդու հնարավորությունների նշագիծը շատ հեռու եմ տարել»։

Այս պահին Գագիկ Արզումանյանն ընթերցում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ինքնակենսագրությունը։

Բոլոր ժամանակների իր ամենասիրելի ստեղծագործությունը «Փոքրիկ իշխան»-ն է, բոլոր ժամանակների գիրքը՝ Ջորջ Օռուէլի «Անասնաֆերման»։ Ասում է, որ ընթերցանությանն իր կյանքում ոչինչ չի կարող փոխարինել, լեզվական կարողությունների զարգացումը  վերագրում է գրքերին, անգլերենով հաղորդակցվելու ունակությունը՝ եւս։

Գագիկ Արզումանյանը Գագիկ Արզումանյանը
photo © Մեդիամաքս


«Գիտական ու պատմական աշխատություններ, ինքնակենսագրականներ կարդալու ժամանակ միշտ գտնում եմ եւ մեծ բավականություն ստանում ընթերցելուց»։

Կյանքը պետական համակարգում

«Իմ կարիերան սկսել եմ պետական համակարգից՝ շատ երիտասարդ տարիքում բարձր պաշտոններ եմ ստանձնել։ Երբ որոշեցի լքել այն, վստահ էի, որ կարիերայի այդ էջն ինձ համար փակված է»։

Ընտրությունը պարզ է եղել՝ կամ կարիերան պետք է պետական համակարգում զարգանար այն ուղղությամբ, որը հոգեհարազատ չէր, կամ պետք է շարունակվեր մասնավոր ոլորտում։ Հետագայում բազմաթիվ առաջարկներ են եղել, որոնք սասանել են այդ որոշումը։ Օրինակ, 2016-ին, մի քանի ամսով, Գագիկ Արզումանյանը, այնուամենայնիվ, վերադարձել է պետական դաշտ։

«Վարչապետն այդ ընթացքում համառորեն մի քանի առաջարկ արեց, որպեսզի վերադառնամ։ Կյանքում իմ սկզբունքներից մեկն էլ փորձելն է։ Եթե փորձում ես ինչ-որ բան եւ քեզ մոտ չի ստացվում, այնուամենայնիվ, ավելի շահեկան վիճակում ես, քան, եթե ոչինչ չես փորձում եւ քեզ մոտ ստացվում է։ Փորձեցի երեք ամիս, չստացվեց, դուրս եկա։

Դրանից հետո եղան այլ առաջարկներ, բայց ես համարում եմ, որ պետական կառավարման ապարատը եւ անձինք, որոնք ներկայումս որոշում են պետության քաղաքականությունը, այն միջավայրը չէ, որտեղ ես կկարողանամ լիարժեք ծառայել իմ հայրենիքին»։

Արզումանյանի գնահատմամբ, պետական օղակում աշխատանքը յուրահատուկ հնարավորություն է տեսնելու, թե ինչպես է աշխատում պետությունը, որը չափազանց կարեւոր է այն մարդու համար, որն աշխատում է մասնավոր հատվածում։

Նաեւ հնարավորություն է գնահատելու շրջապատող մարդկանց՝ 2016-ին, պաշտոն զբաղեցնելիս, կտրուկ ավելացել էին ընկերանալ ցանկացողներն ու բարեկամները, որոնք հայտնվել եւ անհետացել են նույն արագությամբ։

Նրա գնահատմամբ, պետական համակարգի թիմերում ոչ բոլորն են առաջնորդվում նույն շարժառիթներով, ինչը մեծագույն խնդիրներից եւ թերություններից է։ Մասնավոր օղակներում նման խնդիր չի արձանագրել։

Գագիկ Արզումանյանը Գագիկ Արզումանյանը
photo © Մեդիամաքս


«Մեծ կազմակերպություններում ամեն ինչ չէ, որ միշտ հարթ է ընթանում, բայց մոտիվացիայի եւ գերնպատակի հարցում կասկածներ չկան։ Հիմնական թիմը՝ թե բաժնետերերը, թե ղեկավար անձնակազմը, առաջնորդվում են մեկ սկզբունքով՝ անել ամեն ինչ հանուն ընկերության հաջողության»։

Ucom-ի թիմը

«Լավ թիմում մարդիկ ազնիվ ու անկեղծ են միմյանց հանդեպ, էական հարցերում՝ միտումնավոր որեւէ բան չեն թաքցնում»։

Ucom-ի ռազմավարության գծով տնօրենը կարծում է, որ այն պահին, երբ թիմի անդամներն սկսում են մյուսների թիկունքում գաղտնի խաղալ ու անհասկանալի քայլեր ձեռնարկել, թիմը դադարում է գոյություն ունենալ։

«Իմ կյանքում եւ կարիերայում, ցավոք, հանդիպել եմ նման թիմերի։ Ցավով եմ դա արձանագրում, բայց նաեւ հասկանում եմ, որ դա կյանքի բաղկացուցիչ տարրերից է եւ փորձում եմ սովորել դրանից»։

Ըստ նրա՝ Ucom-ում աշխատող մարդիկ աշխատասեր են, առաջադեմ, ժպտերես, պայծառ ու ապագայամետ։

Ucom-ի խնդիրները

«Ucom-ի ոչ բոլոր խնդիրներն են լուծված։ Նախորդ տարի ընկերությունը զարգացման բավականին լուրջ փուլ անցավ»։

Այն, ինչ նախորդ տարի կատարվեց Ucom-ի շուրջ, Արզումանյանը որակում է շոկային՝ ամեն ինչ հարթ չի եղել, որովհետեւ մի քանի հարյուր աշխատակից, այդ թվում նաեւ տեխնիկական ղեկավարության ամբողջ անձնակազմը, մեկ օրում լքել է ընկերությունը։ Նոր մարդիկ թիմում նոր մշակույթ են բերել, ինչը ոչ միշտ է սահուն ընկալվել։

Գագիկ Արզումանյանը Գագիկ Արզումանյանը
photo © Մեդիամաքս


Ըստ նրա՝ Հայաստանում Ucom-ը միակ ընկերությունն է, որն անցել է նման մարտահրավերների եւ տուրբուլենտ հոսքերի միջով, բայց եւ շնորհիվ ղեկավարության, տնօրենների, բաժնետերերի եւ թիմի աշխատանքի, բարդագույն փուլը հաղթահարել է։ Այս պահին թիմային բախումներ չկան։

«Ucom-ը միտված է զարգացմանն ուղղված նախաձեռնություններ իրականացնելուն, երկարաժամկետ ռազմավարական հաջողություններ արձանագրելուն։ Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կկարողանանք հղկել մեր ռազմավարությունը, որը մեզ կտանի հաջողությունների հաջորդ տասնամյակ»։

Ucom-ի ռազմավարությունը

«Ես ուրախությամբ կարող եմ ասել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ucom-ը պահպանում է հեռահաղորդակցության ծառայությունների արտահանման առաջատարի դերը։ Հայաստանում այն ծառայությունների տարանցում ապահովող ամենախոշոր ընկերությունն է՝ ցանկացած երկրի համար դա մեծ արժեք է»։

Հեռահաղորդակցության ոլորտում գործունեության հիմնական ուղղությունները ժամանակի ընթացքում նվազում են ծավալով եւ եկամտաբերությամբ։

Հեռահաղորդակցության օպերատորների հաշվետվություններն ուսումնասիրելիս կարելի է պարզել, որ ավանդական ուղղություններից եկամուտները  շարունակաբար նվազել են։

«Ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի կարողանանք փոխհատուցել այդ անկումը, գտնենք զարգացման այնպիսի ուղղություններ, որը կարող է ապահովել ավելի մեծ եկամուտներ, ավելի շատ ծառայությունների մատուցման հնարավորություններ։

Ընկերության ռազմավարության գծով տնօրենը բացատրում է՝ Ucom-ը ծառայություններ է արտահանում եւ Հայաստանի նման երկրում, որտեղ կա ապրանքների արտահանման սահմանափակումներ, ընկերությունը կարող է շատ լուրջ ներդրում ապահովել։

Ucom-ն առաջինն է, որ Հայաստանում հաճախորդներին առաջարկում է վայրկյանում մեկ գիգաբիթ արագություն։ Այս ծրագիրը փորձնական փուլում է, եւ փորձարկումից հետո կառաջարկվի լայն շրջանակներին։

Գագիկ Արզումանյանը Գագիկ Արզումանյանը
photo © Մեդիամաքս


Ձայնային ծառայությունների շուկայում պայքարն ավելի թեժ է: Հաշվի առնելով, որ Վիվա-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է, մյուս օպերատորները, ըստ էության, մրցում են երկրորդ տեղի համար։

«Շուտով պատրաստ կլինի Ucom-ի նոր գլխամասային գրասենյակը, որը կմիավորի բոլոր երեք գրասենյակները։ Տնտեսապես արդարացված լուծում է սա եւ դրական ազդեցություն կունենա մեր թիմի վրա։ Գրասենյակը կունենա այնպիսի ժամանակակից լուծումներ, որոնք Հայաստանում դեռ չկան»։

Գագիկ Արզումանյանը Ucom-ում իր աշխատանքը բնորոշում է որպես ամենահեշտը։ Ասում է, որ 1500-ից ավելի աշխատակից ունեն, եւ թիմի մյուս աշխատողներն անհամեմատ ավելի մեծ մարտահրավերների առաջ են կանգնած իրենց ամենօրյա աշխատանքում։

«Օրինակ, մեր հեռախոսավարները, որոնք ամեն օր պատասխանում են ինչ-որ բանից դժգոհ մեր հաճախորդին եւ փորձում տեխնիկական բաժնի աշխատակցի հետ քննարկումների արդյունքում լուծում տալ խնդրին։ Կամ մեր այն աշխատակիցը, որը պետք է ամեն ինչ մի կողմ թողնի ու հասնի Սյունիքի մարզի հեռավոր գյուղի բազային կայան, որը, օրինակ, հոսանքազրկվել է, եւ գյուղը մնացել է առանց բջջային կապի։ Այդ բոլոր աշխատանքներն ավելի բարդ են»։

Ամենամեծ խնդիրը Հայաստանում

«Հայաստանի առջեւ ծառացած ամենամեծ տնտեսական խնդիրը ներդրումների ներգրավվումն է, որը պարունակում է բազմաթիվ տարրեր։ Չկա մեկ քայլ, կամ մեկ լուծում, որի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ ներդրումների դրախտավայր»։

Կարեւորագույն կետերից մեկը, ըստ Արզումանյանի, որոշումներ կայացնելու արդյունավետ համակարգն է։ Ներկա ամենամեծ խնդիրը՝ պետական դաշտում կայացվող վատ ու սարսափելի ցածր արդյունավետությամբ որոշումներն են, կամ առհասարակ չկայացրած որոշումները։

«Ցանկացած ներդրողի համար սա նշանակում է ականապատ դաշտ։ Մինչեւ 2019 -2020 թթ. արդեն ունեինք ներդրումների հսկայական անկում։ Որոշումները կարող են լինել լավը կամ վատը, բայց դրանք պետք է կայացվեն եւ չպետք է վերանայվեն, եթե արհավիրքի վտանգ ու բացարձակ անհրաժեշտություն չկա։ Սա խոչընդոտում է մեր տնտեսության զարգացմանը։ Երբ հայտնվում է պոտենցիալ ներդրողը եւ փնտրում է, թե որտեղ ու ինչ ներդրում անի, նա չի ընտրում Հայաստանը, որովհետեւ այստեղ չկա ինստիտուցիոնալ այն միջավայրը, որը կարող է ներդրողին տալ այնպիսի հարմարավետություն ու վստահություն, որ իր կողմից ներդրված գումարներն ապահով են»։

Պատերազմը

«Ինձ համար դա անձնական մեծ ողբերգություն էր, էլ ավելի մեծ ողբերգություն եմ համարել այն պայմանները, որոնցով մենք համաձայնել ենք դադարեցնել պատերազմը»։

«Հետագայում էլ ավելի մեծ ողբերգություն եմ համարել հետպատերազմյան ժամանակահատվածը։ Երբ մենք շարունակում ենք մեր՝ հակառակորդի կամ թշնամու հետ քննարկել տնտեսական ծրագրեր այն դեպքում, երբ նա հրաժարվում է մեզ վերադարձնել մեր հարյուրավոր գերեվարված քաղաքացիներին։ Ես աբսուրդային եմ համարում բանակցությունների շուրջ նստել մի պետության հետ, որը մեր հայրենակիցներից թեկուզ մեկին գերեվարում է։

Չեմ ուզում ասել՝ բարեբախտաբար, մերձավոր հարազատներ չեմ կորցել պատերազմի ժամանակ, որովհետեւ ես չգիտեմ դա բարեբախտություն է, թե ոչ։ Գուցե ավելի վատ է, որ ես չեմ կորցրել, համեմատ նրա, ով կորցրել է։

Այն ողբերգությունը, որը ես ապրել անձնապես, հնարավոր է եղել հաղթահարել ընտանիքիս և, մասնավորապես, նորածին երեխայիս շնորհիվ»։

Ամենամեծ նվերներից մեկը

«Ես հավատացյալ մարդ չեմ, բայց եթե կա Աստված, ապա իմ աղջիկն Աստծո նվերն էր մեզ՝ անցյալ տարվա օգոստոսին, որպեսզի հեշտությամբ հաղթահարենք Covid-ով պայմանավորված արհավիրքն ու այն, որը պետք է գար եւ որի մասին դեռ չգիտեինք»։

Գագիկ Արզումանյանի դուստրը՝ Էրիկան, 7 ամսական է, եւ նա է օգնել հոգեպես չկոտրվել 2020-ի փոթորկոտ իրադարձությունների ընթացքում։

Որոշել է, որ իր երեխաներին հուշելու է այն, ինչը չեն հուշել իրեն։ Իր բացթողումները փորձելու է փոխհատուցել երեխաների հետ փոխհարաբերություններում։

«Ուզում եմ նրանք սովորեն լինել անկեղծ, ազնիվ, ընկերասեր, աշխատասեր։

Այս հատկությունները կփորձեմ ներմուծել նրանց մեջ եւ կշարունակեմ օգնել իմ երեխաներին, բայց ինձ համար շատ կարեւոր է շատ վաղ տարիքում երեխային անկախություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն տալը։ Որեւէ մեկն ապահովագրված չէ սխալվելուց։ Երեխան ինքը պետք է զգա իր սխալ որոշումների գինը եւ պատասխանատվությունը՝ ճիշտ որոշումներ կայացնելիս։

Մեզանից որեւէ մեկը չի կարող պատկերացնել, թե ինչ կյանքով է ապրում երեխան՝ մանկության, դեռահասության կամ պատանի տարիքում։ Մենք պետք է փորձենք դիմակայել գայթակղությանը՝ շարունակ ուղղորդելու երեխային, որովհետեւ այդպես մտավոր ու հոգեպես հաշմանդամ երեխաներ ենք մեծացնում։ Գուցե հայ հասարակության թերություններից մեկն էլ հենց դա է, որ մենք մեր երեխային ազատ, ինքնուրույն գործելու, անկախ լինելու հնարավորություն շատ չենք տալիս»։

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի