11:51 | 23.04.21 | Հարցազրույցներ | exclusive 21433

Ավետիս Հովակիմյան. նորարարությունը չպետք է դարձնել ինքնանպատակ

Ապրիլի 21-ին աշխարհում նշվում էր Ստեղծարարության եւ նորարարության համաշխարհային օրը: Այն Միացյալ ազգերի կազմակերպության հատուկ հիշարժան օր է, որի նպատակն է ստեղծարարության եւ նորարարության կարեւորության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը:
 
Այս առիթով Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում նորարարությունների զարգացման շուրջ զրուցել ենք Ինեկոբանկի ՏՏ ղեկավար Ավետիս Հովակիմյանի հետ:

- ՏՏ ղեկավարի աշխատանքը բավականին պատասխանատու է, նամանավանդ երբ գործ ունես նյութական ռեսուրսների կառավարման եւ անվտանգության հետ: Ե՞րբ եւ ինչպե՞ս եք սկսել աշխատել ֆինանսաբանկային համակարգում: Ինչպիսի՞ն է ֆինտեխ ոլորտի առանձնահատկությունը:

- Բանկային համակարգում աշխատում եմ 2012 թվականից: Դեռեւս Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում ուսանելիս ինձ մշտապես հետաքրքրել է միջազգային ֆինանսական փորձն ու դրա կիրառումը մեր շուկայում:

Ֆինտեխի առանձնահատկությունը կայանում է հենց ձեր նշած ֆինանսական միջոցների կառավարման բարձր պատասխանատվության մեջ: Եթե օրինակ սպասարկման ոլորտում Հայաստանում գործող որեւէ թվային ընկերությունում խնդիր ծագի, ապա վատագույն դեպքում հաճախորդն իր ակնկալած ծառայությունն ավելի ուշ կստանա: Մեր դեպքում յուրաքանչյուր սխալը ֆինանսական հետեւանքների կարող է բերել. ֆինտեխում սխալներ թույլ տալու շռայլություն չունես: Քիչ թեստավորված բան մեկնարկելը կարող է ճակատագրական լինել։

Այնպես որ ավանդաբար Հայաստանում նորարարություններով հանդես եկող առաջատար բանկում նման պաշտոն զբաղեցնելն իրապես չափազանց պատասխանատու է: Ինեկոբանկից ակնկալիքներն ու սպասումները միշտ շատ բարձր են՝ թե հաճախորդների, թե աշխատակիցների, թե գործընկերների կողմից: Սա պարտավորեցնում է մշտապես պահել ձեռքը զարկերակին, հետեւել challenger bank-երի փորձին եւ փնտրել լավագույն լուծումները մեր շուկայի համար:

- Այսօր արդեն որպես ղեկավար՝ ինչպե՞ս եք լավ մասնագետներ ներգրավում թիմ: Դժվարություններ կա՞ն:

- Սուր հարց է Հայաստանի պես փոքր շուկայի երեւի բոլոր ոլորտների համար: Երկու մոտեցում ունեմ՝ կախված աշխատակցի փորձառությունից: Կայացած եւ ինքնաբավ մասնագետներին կարեւոր է հստակ ցույց տալ տեսլականը: Հավաստիացնում եմ՝ այսօր շատերի համար առաջնային ոչ թե ֆինանսական, այլ երկարաժամկետ ակնկալիքների հարցն է: Աշխատակիցների հիմնական մոտիվացիան իրենց կարեւորությունը զգալը, մասնագիտական ներուժի լիարժեք կիրառումն ու գնահատված լինելու հնարավորությունն է: Միայն պինգ-պոնգի սեղանի կամ խաղերի սենյակի առկայությունը որոշիչ չի հասուն եւ կայացած մասնագետների ներգրավման հարցում. կարեւորը տեսլականն ու արժեքներն են:

Ինչ վերաբերում է սկսնակներին, ապա իրենց պարագայում փորձում ենք «գայթակղել» շնչող օրգանիզմի վրա աշխատելու հետաքրքրությամբ: Պատկերացրեք բժշկական օրդինատորի, ում վստահում են մասնակցել սրտի բաց վիրահատությունների: Այո, սխալվելու իրավունք չունես, բայց քո լավ աշխատանքն անմիջապես տեսանելի է, դու ունես նորարարության անմիջական մասնակից լինելու հնարավորություն: Ես միշտ ասում եմ՝ քո այսօրվա աշխատանքը վաղը շուրջ հարյուր-հազարավոր մարդու «գրպանում է» լինելու։ Իրենք էլ են մոտիվացվում սեփական «պրոդուկտի» անմիջական սպառողը լինելուց։

Մենք սովորաբար ընդունում ենք մարտահրավերներից չվախեցող մասնագետների:

Նոր աշխատակիցներ ներգրավելու հարցում մեծ դեր ունի Ինեկոբանկի կորպորատիվ մշակույթը, որը էապես տարբերվում է շատերի՝ բանկի մասին պատկերացումներից: Մեր բաժնում պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքը հավուր պատշաճի կատարելու ունակությունը, ժամանակին release տալու հնարավորությունն ավելի առաջնային է, քան խիստ դասական հագուկապն ու 9:00-18:00 գրաֆիկը:

photo © Մեդիամաքս


Ի դեպ, կարող եմ պարծենալ նրանով, որ մեր ՏՏ ծառայությունն ամբողջապես in-house է, այսինքն` բանկի բոլոր տեխնիկական հարցերը լուծվում են ներքին մասնագիտական ռեսուրսով: Սա շատ կարեւոր գործոն է. մենք կախված չենք դրսի մատակարարներից, եւ եթե developer-ն օրինակ հետաքրքիր գաղափար ունի, մենք հնարավորություն ունենք դա ներսում արագ նախագծելու, թեստավորելու եւ կյանքի կոչելու։ Դա բացառիկ երեւույթ է մեր ոլորտում, եւ մեզ մոտ աշխատանքի անցնողները դա եւս հասկանում եւ գնահատում են։

-  Ըստ ձեզ՝ որո՞նք են այն գործոնները, որոնք Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտն ավելի նորարար եւ թվային կդարձնեն:

Մի մասնագիտական կատակ կա, որը շատ եմ սիրում։ Աշխատակիցների շրջանում մոտիվացիայի ամենամյա հարցման շրջանակում հարցնում են՝ ո՞վ է ձեզ դրդել նորարարության 2020-ում՝ CEO-ն, CTO-ն, կամ նշեք ձեր տարբերակը․ բոլորը պատասխանում են «այլ»՝ COVID-ը։ Հայաստանում իրապես այն մեծ խթան հանդիսացավ նորարար լուծումների եւ ճեպընթաց զարգացման համար։

Թվային ուղիներն իրենք իրենցով այսօր այլեւս մրցակցային առավելություն չեն, մոբայլ լուծումներն արդեն դարձել են սովորական եւ շատ շուտով դառնալու են հիմնական միջոց` «must have» բոլորի համար: Ժամանակն է կենտրոնանալ օգտատերերի փորձառության (user experience) վրա` առաջնայնություն տալով ոչ թե քանակական, այլ հաճախորդների կողմից կարեւորվող որակական չափանիշներին: Մեր լուծումները սիրված են հաճախորդների կողմից, քանի որ ֆունկցիոնալությամբ եւ օգտագործման պարզությամբ համապատասխանում են հենց իրենց պահանջներին: Մենք արդեն պատրաստվում ենք նոր փուլի՝ սեփական պրոցեսինգային կենտրոնի ներդրմանը եւ դրանից բխող նորարարության թարմացված շրջանի, որը նաեւ ոլորտում նոր իրողություն կստեղծի։

-  Որո՞նք են ֆինանսական հաստատությունների բացթողումները թվային փոխակերպման ճանապարհին:

- Կարծում եմ ոլորտին պակասում է «հաճախորդակենտրոնությունը»։ Երբեմն թվում է այս կամ այն նորամուծությունն անհրաժեշտ է հաճախորդին, որը կարող է էդպես չլինել։ Նորարարությունը չպետք է դարձնել ինքնանպատակ։

-  Ո՞րն է Ձեր տեսլականը՝ կապված նորարարությունների ներդրման հետ եւ ինչպե՞ս եք պատրաստվում հասնել այն նպատակակետին:

- Ինչպես արդեն նշեցի, հիմնական զարգացումները կապում ենք ապագայում սեփական պրոցեսինգային կենտրոնի շնորհիվ ընձեռած գրեթե անսահմանափակ հնարավորությունների հետ։ Մենք մշտապես դիտարկում ենք միջազգային լավագույն օրինակներն ու challenger bank-երի միտումները, եւ մեր տարիների ընթացքում կուտակած փորձն օգնում է իդենտիֆիկացնել տեղական շուկայի պահանջներին համապատասխանող հեռանկարային եւ հավակնոտ ծրագրեր։

Ֆինտեխ ոլորտում գործող բոլոր կառույցների հիմնական ռիսկը հաճախորդից կտրվելն է․ անհրաժեշտ է զգուշանալ «թվայնացում հանուն թվայնացման» մոտեցումից՝ ավելի ուշադիր լինելով հաճախորդների պահանջներին։

- Վերջին հարցը՝ այսօր նորարարությունների եւ թվային փոխակերպման մասին բոլորն են խոսում, սակայն Ինեկոբանկն առաջիններից էր Հայաստանում, որ սկսեց թվային պրոդուկտների մշակման ուղղությամբ աշխատել: Որտե՞ղ եք տեսնում Ինեկոբանկն՝ առաջիկայում:

- Շատ լավ է, որ խոսում են։ Ասեմ ավելին, որոշները նույնիսկ գործում են, ինչն է՛լ ավելի ուրախալի է։ Փորձեմ կարճ պատասխանել․ մեր ամենամեծ առավելությունն այս պարագայում մեր 25-ամյա փորձն է․ այդ փորձի, հաճախորդներից ստացվող արձագանքների եւ բիզնեսի կողմից սահմանվող առաջնահերթությունների համադրմամբ էլ մենք այսօր ամուր այն հիմքն ենք ստեղծում, որը թույլ է տալու 5-10 տարի հետո Հայաստանը դարձնել միջազգային ֆինտեխ շուկայի խաղացող, իսկ մեզ՝ բազմամիլիարդանոց ներդրումներ ներգրավել։

Դեռեւս 2000-ականների սկզբին ներդրվում էին կիսաավտոմատ համակարգեր, որոնք հետագայում վերափոխվեցին «Ապառիկը տեղում» եւ «1 click» ավտոմատացված պրոդուկտների։ Շուկայում իր տեսակի մեջ առաջին InecoMobile բջջային հավելվածն էականորեն փոխեց բանկ-հաճախորդ փոխազդեցության որակը։ 2014-ից ի վեր հաճախորդներից շատերը հաշիվ բացելուց հետո այլեւս բանկ չեն գալիս՝ բոլոր անհրաժեշտ գործարքներն իրականացնելով իրենց հարմար պահին, իրենց հարմար վայրից։ Մենք շարունակաբար կատարելագործում ենք առկա թվային գործիքակազմը, նոր լուծումներ եւ պրոդուկտներ առաջարկում, սակայն դրանք արդեն անցած փուլ են մեզ համար:

Առջեւում մեծ  ու հավակնոտ ծրագրեր ունենք եւ զօրուգիշեր աշխատում ենք դրանք կյանքի կոչելու ուղղությամբ, իսկ մեր աշխատանքին լավագույն գնահատականը տալիս են մեր հաճախորդները, այնպես որ հավելյալ դափնիների կարիք վաղուց արդեն չունենք։