16:17 | 07.04.21 | Նորություններ | 1057

Հայկական 9 տեխնոընկերություն կմասնակցի ExpoElectronica միջազգային ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական ոլորտային 9 ընկերություններ կմասնակցեն ExpoElectronica 23-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին:

Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 13-15-ը Մոսկվայում, որտեղ կներկայացվեն Էլեկտրոնային բաղադրիչների, մոդուլների եւ բաղադրիչ մասերի ցուցանմուշներ:

Ցուցահանդեսը ստեղծում է հեռանկարային հնարավորություններ մասնակից ընկերությունների համար ծանոթանալու ոլորտի զարգացումներին եւ շուկային, ձեռք բերելու նոր գործընկերներ եւ ձեւավորելու համագործակցություններ, ինչպես նաեւ ներկայացնելու հայկական արտադրանքը, Հայաստան բերելու ներդրումներ։

Նշվում է, որ «ExpoElectronica» 23-րդ ամենամյա ցուցահանդեսն ունի հագեցած օրակարգ. 3 օրվա ընթացքում կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ՝ թեմատիկ համաժողով, պանելային եւ բաց քննարկումներ, սեմինարներ:

Այս տարի գործնական ծրագիրը կրում է «Ռուսական էլեկտրոնիկայի արտադրողների ֆորում» խորագիրը եւ ներառում է ավելի քան 25 խոշոր արդյունաբերական միջոցառումներ, որոնց մասնակցում են ավելի քան 80 բանախոսներ՝ պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ առաջատար ընկերությունների ղեկավարներ:

«ExpoElectronica»-ն Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսն է, որին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ընկերություններ 11 երկներից՝ ՌԴ, Հայաստան, ԱՄՆ, Գերմանիա, Իսրայել, Չինաստան, Բելառուս, Կորեա, Լատվիա, Ֆրանսիա եւ Թայվան։  

Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հունվարի 18-ից մարտի 18-ը հայտարարել էր ընկերությունների բաց հայտագրում:

Մարտի 19-ի կայացել է գնահատող հանձնաժողովի նիստը, որի արդյունքում ընտրվել են հայկական ոլորտային 9 ընկերություններ, որոնք հանդես կգան «ARMENIA» միասնական տաղավարով: