17:08 | 31.03.21 | Նորություններ | 954

«Կոդավորման հմտություններ» նախագիծն ամփոփվել է միջդպրոցական մրցույթով

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ամփոփել են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան եւ ապագան» պիլոտային ծրագիրը:

Դրա շրջանակում Երեւանի երեք ավագ դպրոցների աշակերտներին դասավանդվեց կոդավորման արտալսարանային դասընթացներ։

Ծրագիրը միտված էր զարգացնելու աշակերտների կոդավորման հիմնարար հմտությունները, ինչպես նաեւ թվային եւ այլ առանցքային ունակություններ՝ ներառյալ քննադատական եւ վերլուծական մտածողություն, ստեղծարարություն եւ համագործակցային աշխատանք:    


Դասընթացներն անցկացվել էին Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումների միջոցով, որոնք համավարակի պայմաններում տրամադրվել էին աշակերտներին տանից աշխատելու եւ ինֆորմատիկայի ուսուցիչների առաջնորդությամբ առօրյա կյանքում կիրառելի նախագծեր մշակելու համար։

Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին միջդպրոցական մրցույթով, որին մասնակցում էին Երեւանի թիվ 16, 170  եւ 97 ավագ դպրոցների աշակերտները։ Առցանց մրցույթի շրջանակում յուրաքանչյուր թիմ ներկայացրեց Micro:bit  սարքերի կիրառությամբ նախագծեր, որոնք առնչվում էին համավարակի պայմաններում համաճարակային կանոնների՝ այդ թվում սոցիալական հեռավորության պահպանման, ձեռքերն ախտահանելու, microbit սարքերի միջոցով վիրուսից զերծ մնալու նախազգուշացման ազդանշանների արձակման լուծումներ եւ առաջարկներ։

Ներկայացված այլ նախագծերի թվում էին սարքի օգնությամբ օրվա առաջադրանքների կատարման հավելված, ժամացույց՝ լուսային զարթուցիչ, քայլեր հաշվող համակարգ, ինչպես նաեւ ռադիո ռեժիմով մի քանի սարքերի միջեւ արագ արձագանքման ծրագիր։

Յուրաքանչյուր նախագիծ ներկայացվեց ինչպես տեխնիկական բնութագրիչների, այնպես էլ դրանց պրակտիկ կիրառությունը ցուցադրող տեսանյութերի միջոցով։

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման  եւ հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը եւ Բրիտանական խորհրդի կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը։ Միջոցառմանը ներկա էին նաեւ շահառու դպրոցների տնօրենները, ինֆորմատիկայի ուսուցիչներն ու աշակերտները։

Ժյուրիի ընտրությամբ հաղթող թիմ ճանաչվեց Ավետիք Իսահակյան անվան թիվ 16 դպրոցի ներկայացրած նախագիծը։ Մրցույթի ավարտին շրջանավարտներին հանձնվեցին  հավաստագրեր եւ մրցանակներ։


Մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց․ «Ուրախ ենք Բրիտանական խորհրդի եւ «Տելեկոմ Արմենիա» ընկերության հետ այս շարունակական համագործակցության համար։ Միկրոբիթ ծրագիրը հնարավորություն է տալիս խրախուսել սովորողների հետազոտական, ստեղծագործական ունակությունները, որոնք ամբողջությամբ համադրվում են նախարարության վարած քաղաքականության եւ հանրակրթության ոլորտում մեր ձեռնարկած բարեփոխումների հետ»։

«Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման եւ հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը նշեց․ «Մեր թիմի համար շատ կարեւոր է գիտակցել, որ որպես ընկերություն մենք աջակցում ենք երիտասարդների որակյալ կրթությանը, եւ այսօր, տեսնելով այսքան տաղանդավոր երիտասարդների հիանալի նախագծերը, եւս մեկ անգամ համոզվեցինք, թե որքան կարեւոր են այս տեսակ նախագծերը»:

«Ուրախ ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ «Վեոն Արմենիա», իսկ այնուհետեւ «Տելեկոմ Արմենիա» ընկերության ֆինանսավորման շնորհիվ, այս պիլոտային ծրագիրն իրականություն դարձավ Երեւանում եւ հույս ունենք, որ հետագայում այն կարող ենք ներդնել նաեւ մարզային դպրոցներում։ Առանձնահատուկ ցանկանում եմ նշել շահառու դպրոցների տնօրենների, ուսուցիչների եւ աշակերտների նվիրվածությունը, ովքեր չնայած համավարակով պայմանավորված բարդություններին, ապահովեին հաջող իրականացումն ու գերազանցեցին բոլոր սպասելիքները», - նշեց, Հայաստանում Բրիտանական խորհրդի կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը։

Ծրագրի մեկնարկից առաջ շահառու դպրոցների ՏՀՏ եւ անգլերենի ուսուցիչները անցել եին micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ։ Դպրոցներին տրամադրվել էր շուրջ 70 micro:bit սարք, դասավանդման եւ ուսումնառական համապատասխան ռեսուրսներ: Ծրագրում ներառված էր շուրջ 100 աշակերտ: