11:07 | 31.03.21 | Նորություններ | 804
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները հուշագիր են ստորագրել՝ ռազմական գործողություններին մասնակցած անձանց մասնագիտական կողմնորոշման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման ու զբաղվածության ապահովման նպատակով:
Ըստ այդմ՝ կկազմակերպվի ծրագրավորման լեզվի դասընթաց՝ առնվազն 200 մասնակցի համար․ կրթական կուրսը կարող է տեւել 3-ից 6 ամիս՝ կախված մասնագիտությունից։
ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանը մարտական գործողությունների մասնակիցների ֆիզիկական եւ հոգեբանական վերականգնումից զատ՝ կարեւորել է վերջիններիս սոցիալական երաշխիքների, մասնագիտական վերապատրաստման եւ զբաղվածության ապահովումը։
«Պատերազմի մասնակիցների նկատմամբ պետության պարտավորությունը պատշաճ իրականացվում է առողջության վերականգնման եւ սոցիալական երաշխիքների տրամադրման շրջանակում։ Միաժամանակ կարեւորում ենք նաեւ պատերազմի մասնակիցների՝ մասնավորապես վիրավորում ստացած անձանց որակյալ կրթություն ստանալու եւ հետագայում աշխատանքով ապահովվելու իրավունքը»։
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում տեղի ունեցող նորարարություններին ու փոփոխություններին, նշել է, որ մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ առաջիկա 5 տարվա ընթացքում առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք է լինելու․ «Այս ծրագիրը մեր զինվորների համար կարեւորագույն ծրագրերից մեկն եմ համարում, որը հնարավորություն կտա կրթություն ստանալ եւ որոշակի գործիքակազմի տիրապետելով՝ հետագայում բարձր վարձատրվող աշխատանք գտնել»։
Ծրագրով հետաքրքրված քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ։ Դասընթացների ընթացքում մասնակիցներին կտրվի կրթաթոշակ, եւ այն հաջողությամբ ավարտելուց հետո, նրանք պրակտիկա կանցնեն ՏՏ կազմակերպություններում։