12:27 | 29.03.21 | Նորություններ | 1025
Մարտի 27-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացել է DigiCode 2021 կիրառական ծրագրավորման Շիրակի մարզային պատանեկան մրցույթի եզրափակիչը։
Ներկայացված է եղել 162 հայտ, որոնցից 51 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։
8 անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել Նարեկ Մարտիրոսյանը («Լավագույն խաղ», մինչեւ 13 տ.), Հակոբ Այվազյանը («Լավագույն խաղ», 13 տ. բարձր), Աննա Մանուկյանը («Լավագույն ինտերակտիվ անիմացիա», մինչեւ 13 տ.), Սամվել Աղաբաբյանը («Լավագույն ինտերակտիվ անիմացիա», 13 տ. բարձր), Սուսաննա Հովհաննիսյանը («Լավագույն գծագրություն եւ դիզայն»), Գոռ Գեւորգյանը («Python ծրագրով սարքերի ինտեգրում»)։
«Կրիա» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադայում հաղթել են Սրապ Գեւորգյանը (մինչեւ 13 տ.) եւ Նարեկ Աբրահամյանը (13 տ. բարձր)։ Շիրակի մարզպետարանի կողմից հատուկ մրցանակի է արժանացել Հակոբ Այվազյանը Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցից։
Մրցույթի Շիրակի մարզային փուլի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու մայիսին կայանալիք «DigiCode 2021» հանրապետական մրցույթին, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը եւ լավագույնները կարժանանան մրցանակների։
«Մրցույթը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների համար յուրօրինակ ստուգատես է՝ ներկայացնելու, թե ինչ արդյունքների են հասել նախորդ տարում ստացած գիտելիքներով։ Հաշվի առնելով՝, որ նախորդ տարի դասերը անցել են գերազանցապես հեռավար ձեւաչափով, արդյունքները մեզ ուրախացնում են», - նշեց «Արմաթ» ԻԼ մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը։
Ժյուրիի կազմում ընդգրկված էին հովանավոր ընկերության ներկայացուցիչներ Վահագն Մխիթարյանը եւ Ռուբեն Մանուկյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, ԱՏՁՄ վարչության անդամ Արման Պողոսյանը, Արտյոմ Հարությունյանը, «Արմաթ» ԻԼ ներկայացուցիչներ Սեդրակ Վարդանյանը եւ Ավագ Սայանը։
Նշենք, որ «Դիջիկոդ» մրցույթն ԱՏՁՄ ամենամյա միջոցառումներից է, որի հիմնական նպատակներն են խրախուսել եւ զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի եւ բացահայտել տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել ստեղծագործական ունակությունները։ «Դիջիկոդի» հաջորդ մարզային փուլը տեղի կունենա ապրիլի 3-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։