11:50 | 22.03.21 | Նորություններ | 2295

«Կիբեռանվտանգություն» դասընթացի շրջանավարտներն ավարտական հավաստագրեր են ստացել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Կիբեռանվտանգություն» դասընթացը:

Մարտի 17-ին դասընթացի 110 շրջանավարտներն ավարտական հավաստագրեր ստացան: Նրանց 59 տոկոսն է Երեւանից, մյուսները՝ ՀՀ մարզերից են եւ Արցախից:

photo © ԲՏԱՆ


Նախարարության ծրագրերի վարչության պետ Անահիտ Սարգսյանը, շնորհավորելով դասընթացի շրջանավարտներին, կարեւորեց, որ դասընթացին մասնակցել են Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ եւ Երեւանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի դասախոսներ, ովքեր իրենց ուսուցողական ծրագրում ներառելու են հատվածներ այս ծրագրից:

Անահիտ Սարգսյանն ընդգծեց, որ կիբեռանվտանգությունն առաջնային ուղղություն է նախարարության համար, եւ նախատեսվում է դասընթացները շարունակել նաեւ 2021 թվականին:

Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության  (ՏՀՏԳՄ) գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր մասնակիցներին՝ ՀՀ ԲՏԱ նախարարությանը, ժյուրիի անդամներին, դասընթացավարներին եւ շրջանավարտներին։ Նա նշեց, որ ստացած գիտելիքները հնարավորություն կտան շրջանավարտներին աշխատել տարբեր ոլորտներում՝ կարեւոր դերակատարություն ունենալով երկրի անվտանգության պահպանության գործում։

photo © ԲՏԱՆ


«Կիբեռանվտանգություն» դասընթացը նախատեսված էր 125 մասնակիցների համար, սակայն՝ հաշվի առնելով ոլորտի կարեւորությունը եւ մասնակցության հայտերի բարձր քանակը, ծրագրում ընդգրկվել են 150 ուսանողներ, որոնցից 110-ը բարեհաջող ավարտեցին ուսումնական շրջափուլը՝ ստանալով նոր մասնագիտացում:

Նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: