11:39 | 18.02.21 | Նորություններ | 2420

Երեւանում կայացել է տեխնոլոգիաներին եւ ստարտափերին նվիրված իրանական ցուցահանդեսը

Փետրվարի 17-ին Երեւանում տեղի է ունեցել Armenia Hi-Tech միջոցառումը, որի շրջանակում կայացել է բարձր տեխնոլոգիաներին եւ ստարտափերին նվիրված իրանական ցուցահանդեսը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի եւ Իրանի գերատեսչությունների պաշտոնյաներ, Հայաստանում ԻԻՀ դեսպանը, Հայաստանի եւ Իրանի պետական եւ մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Մենք պետք է գտնենք այն տեղերը, որտեղ Իրանի ժողովուրդը եւ Հայաստանի ժողովուրդը կարող  է համագործակցել, ստեղծել ավելացված արժեք եւ նպաստել համատեղ առաջընթացի, իսկ դա հնարավոր չէ առանց անմիջական կապերի հաստատման։ Էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ պետք է զգալիորեն ակտիվացնել իրանական պատվիրակությունների այցերը Հայաստան եւ հայկական պատվիրակությունների այցերը Իրան, որպեսզի մենք ավելի լավ ծանոթանանք միմյանց, գտնենք այն կետերը, որտեղ հայաստանյան եւ իրանական ընկերությունները կարող են համագործակցել»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:


Ավագ Ավանեսյանը շրջել է ցուցահանդեսային տաղավարներով, ծանոթացել իրանական արտադրանքին,  զրուցել մասնակիցների հետ։

Ցուցահանդեսում ներկայացված են Իրանի Իսլամական Հանրապետության  արդյունաբերության տարբեր ոլորտները, մասնավորապես՝ էներգետիկան, նանոտեխնոլոգիաների արդյունաբերությունը, բժշկական սարքավորումները, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաները, դեղագործությունը, շինարարական արդյունաբերությունը եւ այլն։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Իրանի արտահանման եւ ներդրումների կենտրոնի կողմից՝ ԻԻՀ նախագահի աշխատակազմի նորարարության եւ բարգավաճման հիմնադրամի պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակում։

Պատվիրակության կազմում են նաեւ 60 պետական եւ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ՝ Հայաստանի պետական եւ մասնավոր հատվածների ներկայացուցիչների հետ առեւտրատնտեսական ոլորտին վերաբերող հանդիպումներ ունենալու նպատակով։