12:21 | 12.02.21 | Նորություններ | 3268

25 թիմ մասնակցում է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի «Վենչուրային համաժողով»-ին

Փետրվարի 11-ին մեկնարկել է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկօրյա «Վենչուրային համաժողովը», որի ընթացքում «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի եւ «Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած թիմերն ու ընկերությունները իրենց ամփոփիչ գործարար ներկայացումներով հանդես կգան գնահատող հանձնաժողովի առջեւ։

Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել Երեւանում եւ մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական եւ տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները, ինչպես նաեւ ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացմանն, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան եւ այլն։ Ակնկալվում է, որ այս դրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրերը կնպաստեն նաեւ համավարակի տնտեսական հետեւանքների հաղթահարմանը, հատկապես՝ առավել խոցելի ոլորտներում։

Համաֆինանսավորվող դրամաշնորհների այս փուլի մրցույթի մասնակցության հայտ են ներկայացրել 77 թիմեր եւ կազմակերպություններ, որոնցից 25-ը՝ նախնական մասնագիտական գնահատման արդյունքում, անցել են մրցույթի հաջորդ փուլ եւ հնարավորություն ստացել հանդես գալու Վենչուրային համաժողովին։

Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթն իրականացվում է «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, եւ Համաշխարհային Բանկի աջակցությամբ։

Դրամաշնորհային ծրագրով տրամադրվող համաֆինանսավորման գումարը կարող է լինել 5.000.000 ՀՀ դրամից մինչեւ 25.000.000 ՀՀ դրամ՝ առավելագույնը 1 տարի տեւողությամբ: Համաֆինանսավորումը, ըստ ծրագրի ենթաբաղադրիչների տրամադրվելու է,

- Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երեւանում կամ Երեւանից մինչեւ 50 կմ հեռավորությամբ)՝ ծրագրի ներկայացված բյուջեի 50%-ի չափով։

- Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երեւանից առնվազն 50 կմ հեռավորությամբ)՝ ներկայացված բյուջեի 85%-ի չափով։