15:36 | 05.02.21 | Նորություններ | 3659

ՄԻՊ. Երեխաները, ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն երեխայի համար համացանցի վտանգներից

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարել է, որ շարունակում է ստանալ ահազանգեր ծնողներից եւ ուսուցիչներից՝ թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

Նշվում է, որ բողոքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն համացանցի վտանգներից ու խնդիրներից։

«Վերջերս, համացանցում լայն տարածում են գտել երեխաների կյանքի եւ առողջության համար վտանգավոր խաղեր, որոնք անկառավարելի տարածում են ստացել ամբողջ աշխարհում եւ մեծ սպառնալիք են երեխաների, հատկապես՝ դեռահասության տարիքում գտնվող երեխաների առողջ զարգացման համար: Ցավոք, մեր երկրում նույնպես տարածում են գտել այդպիսի խաղեր։

Նշվածը պահանջում է երեխաների ծնողների, այլ օրինական ներկայացուցիչների, ուսուցիչների կողմից առավել մեծ ուշադրություն եւ զգոնություն, հստակ կանխարգելիչ միջոցներ, այդ թվում՝ ուղղված երեխաների համար թվային միջավայրում անվտանգության մեխանիզմների կատարելագործմանը:

Երեխաները նույնպես պետք է իմանան, թե ինչպես խուսափեն վտանգներից կամ ինչպես պաշտպանեն իրենց համացանցում, քանի որ նորարարական տեխնոլոգիաների միջավայրը գրավիչ ազդեցություն ունի երեխաների վրա»,- ընդգծել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում:

Թվային միջավայրում երեխաների պաշտպանության վերաբերյալ օգտակար խորհուրդներ երեխաներն ու նրանց ծնողները, ինչպես նաեւ ուսուցիչները կարող են գտնել «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու եւ իրացնելու համար» ուղեցույցում, որն ընդունվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից: Տվյալ ուղեցույցը պարունակում է առաջարկություններ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների համար:

Ուղեցույցի հայերեն թարգմանությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է դեռեւս 2018թ.:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար կազմակերպում է սեմինարներ ուսուցիչների համար՝ ուշադրություն դարձնելով թվային միջավայրում երեխաների անվտանգության վերաբերյալ ինֆորմատիկայի ուսուցիչների իրազեկվածության բարձրացմանը։ Այդ դասընթացներին արդեն իսկ մասնակցել է շուրջ 100 ուսուցիչ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թարգմանած «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու եւ իրացնելու համար» հայերեն ուղեցույցին կարելի է ծանոթանալ այստեղ: