12:37 | 05.02.21 | Նորություններ | 3654

Քննարկվել է տեխնոլոգիաների ոլորտում հայ-շվեդական համագործակցությունը

Փետրվարի 3-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության Արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին եւ փոխդեսպան, զարգացման համագործակցություն հարցերով պատասխանատու Իզաբելա Էրիքսոնին:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ոլորտների մասին խոսելիս նախարարը նշել է, որ նույնիսկ տնտեսության համար դժվարին 2020 թ․-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը տպավորիչ աճ է գրանցել, ինչը ցույց է տալիս, որ մեր երկրում բարձր տեխնոլոգիական ոլորտը ոչ միայն աճի մեծ պոտենցիալ ունի, այլ նաեւ՝ շոշափելի արդյունքներ: Դրա մասին են խոսում նաեւ Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային ընկերությունների մասնաճյուղերը, օրինակ՝ Ericsson եւ այլ ընկերությունների առկայությունը մեր երկրում:

Նախարարը դեսպանին առաջարկել է շվեդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանում մասնաճյուղեր բացելու գաղափարի, ինչպես նաեւ Ստոկհոլմում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու հնարավորությունների, ու նաեւ այլ հաջողված տեխնոլոգիական կրթական ծրագրերն այնտեղ տեղայնացնելու վրա:

Դեսպան Սվենսոնը, ով սեպտեմբերին է նշանակվել, դրական է գնահատել բարձր տեխնոլոգիական ոլորտում առկա աճը՝ նշելով, որ դա խոսում է նաեւ Հայաստանում բարենպաստ միջավայրի եւ պայմանների մասին: Դեսպանն ընդգծել է, որ իրենք ուրախ կլինեն կիսվել իրենց փորձով, ոչ միայն ընկերությունների զարգացման համար բարենպաստ միջավայր ձեւավորելու հարցում, այլ նաեւ կրթության, գիտության եւ վերջիններիս կապը բիզնեսի հետ ապահովելու տեսանկյունից:

Հակոբ Արշակյանը դեսպանին հայտնել է, որ հայկական կողմը հատկապես հետաքրքրված է կրթական եւ գիտական ծրագրերով, եւ այդ ոլորտում համագործակցությամբ ամենատարբեր ձեւաչափերով՝ համալսարանների, գիտական ինստիտուտների եւ քաղաքականությունների մշակման մակարդակով:

Դեսպանն իր հերթին արձագանքել է, որ շվեդական տեխնոլոգիական համալսարաններում հայ ուսանողների համար կան դրամաշնորհներ եւ հետագայում կարելի է աշխատել դրանց ավելացման ուղղությամբ: Դեսպանը նաեւ իր հետաքրքրությունն է հայտնել Հայաստանի թվային օրակարգի վերաբերյալ: Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը արդեն իսկ մշակվել է, եւ  ներկայացվել է կառավարության հաստատմանը եւ գտնվում է քննարկման վերջնական փուլում:

Քննարկվել են նաեւ ինկուբատորների եւ ստարտափ ընկերությունների զարգացման եւ համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները: