13:10 | 27.01.21 | Նորություններ | 4685
2020թ. օգոստոսի 3-ին մեկնարկեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել Հայաստանի տեխնոլոգիական համայնքն աշխարհին կապող հարթակ, որը միեւնույն ժամանակ, հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար:
Այս նպատակն իրագործելու համար «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդգրկում է երկու՝ ինկուբացիոն եւ աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակիցների համար ստեղծել հնարավորություններ՝ միջազգային գործակցության հմտությունների ձեւավորման եւ ներդրումների ներգրավման ուղղություններով:
Ծրագրի ինկուբացիոն բաղադրիչի շրջանակում 2020 թ․Դրեյփերի համալսարանի համապատասխան ծրագրով մասնագիտական վերապատրաստման դասընթացներ են անցել 13 հայ ձեռներեցներ:
Աքսելերացիոն ծրագրով 15 ընկերություններ 8 շաբաթ տեւողությամբ դասընթացներ են անցել համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Հունվարի 28-ին ծրագրի հաղթող ընկերություններն իրենց արտադրանքը կներկայացնեն Սիլիկոնյան հովտի վենչուրային ընկերություններին, ներդրողներին եւ սփյուռքահայ մասնագետներին: Լավագույն ծրագրերը կստանան ներդրումներ:
Նախարարությունում նշել են, որ 2021թ․ ծրագիրն ընդլայնվելու է, շրջանակներն ու մասնակցության թվերը կրկնապատկվելու են: Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ: