11:07 | 27.01.21 | Նորություններ | 4775

Հակոբ Արշակյան. Նախարարության կրթական ծրագրերում 6000 քաղաքացի է ընդգրկվել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 26-ին ընդունել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանին եւ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանին:

Հյուրերը նախարարին են ներկայացնել իրականացվող ծրագրերն, ապագա պլանները եւ պատրաստակամություն հայտնել ներգրավվել նախարարության կրթական ծրագրերում եւ նոր նախաձեռնություններում:

Նախարարն իր հերթին նշել է, որ 2020թ. բարձր տեխնոլոգիական ոլորտում ձեռքբերումներ ունեն․ ավելացել է ոլորտի աշխատակիցների թիվը, աճել է շրջանառությունը։

Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր ունեն Պոլիտեխնիկի հետ կապված։ Միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը նշել է, որ իրենք ծրագրում են StаrtUp շարժում սկսել։ «Մասնավոր հատվածի որոշ խնդիրներ փորձելու ենք լուծել համալսարանականների օգնությամբ։ Նոր ծրագրով նախատեսում ենք ձեռներեցության հմտություններ սովորեցնել, համատեղ աշխատանքի տարածք տրամադրել ուսանողներին»:

Արշակյանը կարեւորել է նմանատիպ ծրագրերի իրագործումը նաեւ մարզերում, նշելով, որ նախարարության տարբեր կրթական ծրագրերում մոտ 6000 քաղաքացի է ընդգկվել, կեսը՝ մարզերից։ «Հիմա անհրաժեշտ է շարունակական ծրագրերի օգնությամբ նպաստել, որպեսզի այդ ծրագրերի շրջանավարտները հենց տեղում՝ իրենց բնակավայրերում, թիմեր ձեւավորեն, ընկերություններ ստեղծեն եւ մարզերը զարգացնեն: Այս բոլոր նախաձեռնություններում խրախուսվում են մասնավոր ընկերությունների հետ գործակցությունը»,- ասել է նախարարը։

Նման ծրագրերի իրականացման առաջնային կարիք կա Կապանում, նաեւ Արցախում։  Նախարարն առաջիկայում պատրաստվում է մեկնել Արցախ՝ տեղում քննարկելու տեխնոլոգիական ոլորտի զարգացման հնարավորությունները։