14:35 | 26.01.21 | Նորություններ | 4061

«Թումոն» կմասնակցի Վենետիկի ճարտարապետական բիենալեին

2021 թվականի մայիսին իր անհատական տաղավարով Թումոն մասնակցելու է Վենետիկի ճարտարապետական բիենալեին:

Վենետիկի բիենալեն ճարտարապետական աշխարհի գլխավոր ցուցահանդես-միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են աշխարհի ճարտարապետական ամենանորարար նախագծերն ու ամենահեղինակավոր հետազոտողները: 17-րդ միջազգային ճարտարապետական բիենալեի խորագիրն է «Ինչպե՞ս ենք մենք ապրելու միասին»:

Բիենալեում Թումոյի «Սովորել միասին սովորել» թեմայով ինստալյացիան կցուցադրի ապագայի կրթական միջավայրերն ու կենտրոնների արդեն միջազգային դարձած ցանցը։ Ինստալյացիայի հիմքում համակարգիչներից ձգվող «կենսալարերն» են, որոնք հնչեցնում են թումոցի պատանիների ձայները Երեւանից ու Ստեփանակերտից մինչեւ Բեռլին ու Բեյրութ: Ցուցահանդեսի մասնակիցները կկարողանան «երկխոսության մեջ մտնել» Թումոյի ուսանողների հետ` ծանոթանալով նրանց առօրյային ու շրջապատող միջավայրին:

Բիենալեն այս տարի կենտրոնանալու է աշխարհի ու հատկապես ճարտարապետության առջեւ ծառացած նոր մարտահրավերների ու դրանց լուծումների վրա: Այս պատճառով միջոցառման մասնակիցների ցուցակը հնարավորինս ընդգրկուն է` ներառելով ոչ միայն ճարտարապետական ամբողջ համայնքը, համալսարաններն ու ամենախոշոր ստուդիաները, այլ նաեւ արվեստագետների, քաղաքական գործիչների, լրագրողների եւ այլոց: Բիենալեի համադրողն այս տարի Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի դեկան Հաշիմ Սարկիսն է:

«Մեզ նոր տարածական պայմանագիր է պետք: Քաղաքական տարաձայնությունների խորացման եւ տնտեսական աճող անհավասարությունների համատեքստում մենք ճարտարապետներին կոչ ենք անում պատկերացնել տարածքներ, որոնցում մենք կարող ենք առատորեն ապրել միասին»,- Բիենալեի հայտարարման իր խոսքում նշել է Հաշիմ Սարկիսը:

Համավարակի պատճառով մեկ տարի ուշ անցկացվող ճարտարապետական բիենալեն մաս է կազմում 1895թ. հիմնադրված արվեստի բիենալեի: 1980 թվականից անցկացվող բիենալեի հիմնական օրակարգը ժամանակակից հասարակության, հումանիստական եւ տեխնոլոգիական հարցերի ճարտարապետական լուծումների առաջարկն ու ցուցադրումն է:

Չնայած բիենալեի ակադեմիական ուղղվածությանը, այն նաեւ հնարավորություն է տալիս ճարտարապետներին ողջ աշխարհից ներկայացնել նոր, տեղական նշանակության նախագծեր: Այս տարի բիենալեում կներկայացվի 112 նախագիծ 46 երկրից: Միջոցառումը բաժանված է երկու հիմնական տաղավարի. մշտական` ազգային տաղավարներ Բիենալեի այգիներում եւ Արսենալը, որտեղ մեկ հարկի տակ ներկայացված են բազմաթիվ նախագծեր ամբողջ աշխարհից: