15:05 | 22.12.20 | Նորություններ | 4128

Սամվել Մարտիրոսյան. 2020թ.-ը Հայաստանի ինտերնետի պատմության ամենաբարդ տարին էր

2020թ. դարձավ Հայաստանի ինտերնետի պատմության ամենաբարդ տարին, կարծում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ինտերնետի ազատության հիմնական խնդիրները Հայաստանում» հոդվածում Սամվել Մարտիրոսյանն ամփոփել է անցնող տարին: Նրա խոսքով, տարվա ընթացքում սահմանափակումների եւ արգելափակումների մի մասը օբյեկտիվ պայմաններից են բխել։  

«Սակայն պետությունը հաճախ չի ստեղծել հանրային վերահսկողության գործիքներ, իսկ որոշ դեպքերում պարզապես չի էլ իրազեկել հանրությանը սահմանափակումների մասին։ Եվ այս պահին դեռ հարց է․ կհաջողվի՞ քաղաքացիական հասարակությանը եւ իշխանություններին վերադարձնել Հայաստանը ազատ ինտերնետով երկրների շարք 2021 թվականին, թե՞ այս հարցը կհետաձգվի մինչեւ ավելի բարենպաստ քաղաքական եւ հասարակական պայմաններ ստեղծվեն»,- նշել է նա:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, 2020թ. իր հերթին ունեցավ կտրուկ բացասական ազդեցություն ինտերնետ ազատությունների վրա։ «Գարնանը հայտարարված արտակարգ դրությունը իր հետ բերեց պաշտոնապես հայտարարված գրաքննություն, որը երկար չտեւեց, սակայն իր ազդեցությունն ունեցավ։ Նաեւ գործարկվեց համակարգ, որը բջջային հեռախոսների միջոցով եւ բջջային օպերատորների կողմից տրամադրվող տվյալների հիման վրա վերահսկվում էր Հայաստանի ամբողջ բնակչության շարժը եւ սոցիալական կապերը՝ հիմնվելով հեռախոսազանգերի մետա-տվյալների հիման վրա»։
 
Նրա խոսքով, Արցախյան պատերազմի ընթացքում եղավ ինչպես գրաքննություն, այնպես էլ արգելափակումներ։ Նաեւ զանգվածային հաքերային հարձակումներ, որոնք իրականացվում էին Ադրբեջանից եւ Թուրքիայից։

«Ցավոք, կորոնավիրուսը եւ հատկապես պատերազմը շատերին համոզեց, որ վերհսկելի ինտերնետը ավելի կարեւոր է, քան հնարավոր քաղաքացիական ազատությունների սահմանափակումները։ Այնպես որ հանրության մեջ էլ արդեն կան իրավիճակի վատթարաման հիմքեր»,- ընդգծել է նա:

Ամբողջական հոդվածը հասանելի է այստեղ: