17:59 | 06.11.20 | Նորություններ | 6927
Առաջին անգամ նոր ու հիբրիդային ձևաչափով Հայաստանում կանցկացվի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) ազգային փուլը:
Նոյեմբերի 8-ին 9 թիմ ռոբոտների օգնությամբ կփորձի հաղթահարել առաջադրված խնդիրներն ու կպայքարի հանուն հաղթանակի։ Դրան զուհագեռ՝ առցանց հարթակում ռոբոտաշինության սիրահարներն ու ոլորտի մասնագետները կխոսեն ոլորտի ամենատարբեր նորություններից, կհետևեն թիմերի մրցապայքարին ու մրցանակաբաշխությանը։
Կրթությունն ամեն երեխայի հիմնարար իրավունք է։ ՌՀՕ-ն համախմբում է աշխարհի շուրջ ութ տասնյակ երկրների երիտասարդ սերնդին և խրախուսում նրան ստեղծարար մտածողությամբ լուծելու ամենատարբեր խնդիրներ և բնագիտական ու տեխնոլոգիական կրթությամբ ճանապարհ հարթել դեպի 21-րդ դարի նոր գիտություններ։
#Հաղթելուենք ստեղծելով. մեր երկրին ինժեներական միտք է պետք. սա այս տարվա օլիմպիադայի ազգային փուլի կարգախոսն է և արտացոլում է ներկայի ամենահրատապ կրթական պահանջմունքները։ Նոր տեխնոլոգիաների մեր դարում չկա մի ոլորտ՝ բժշկությունից մինչև ռազմարդյունաբերություն, որտեղ այսօր որոշիչ չեն ռոբոտաշինությունն ու բնագիտական կրթությունը։ «Այբ» կրթական հիմնադրամն արդեն հինգ տարի անցկացնում է այս օլիմպիադան՝ իր գործընկերների հետ միասին հայ երեխաներին հնարավորություն տալով ներկայացնելու մեր երկիրը ողջ աշխարհում։
Միջոցառմանը կարելի է միանալ այստեղ՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 5։20-ին: Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան լսելու «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի համահիմնադիր, ABBYY ընկերության հիմնադիր Դավիդ Յանին և Վուստերի պոլիտեխնիկական ինստիտուտի (Worcester Polytechnic Institute) ուսանող Դավիթ Դանիելյանին։
«Այբ» կրթական հիմնադրամը 2016 թվականից Հայաստանում անցկացնում է ևս մեկ աշխարհահռչակ մրցույթ՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան (World Robot Olympiad, WRO)՝ լինելով դրա հայաստանյան ներկայացուցիչը և ազգային փուլի միակ և պաշտոնական կազմակերպիչը: «Այբ»-ն այս օլիմպիադայով ձգտում է խթանել մեր դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման ու ճարտարագիտության դասավանդումը և միջազգային հայտնի ու սիրված մրցույթներին ու օլիմպիադաներին հայ աշակերտների մասնակցությունը: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը «Ռոստելեկոմ Հայաստանն» է։ Մրցույթին կարող են մասնակցել 10-19 տարեկան աշակերտները թիմերով: