16:51 | 06.11.20 | Նորություններ | 3657
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի մասին: Կողմերն ընդգծել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, եւ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով:
Անդրադարձ է եղել նաեւ հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակին եւ զարգացման ներուժին: Նշվել է, որ վերջին տարիներին բարձր մակարդակով փոխայցելությունները, մշակութային, գիտատեխնիկական, տեխնոլոգիական եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունները, երկու բարեկամ ժողովուրդների միջեւ պատմական եւ մշակութային կապերը լավ հիմք են ապագայում առավել սերտ հարաբերությունների հաստատման համար:
Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ երկկողմ հարաբերություններում ունեցած հսկայական ներդրումի համար: «Շատ եմ ցավում, որ պետք է հեռանամ Հայաստանից, երբ այդքան շատ տառապանք ու մարդկային կյանքի կորուստներ կան, երբ պատերազմն այդքան մոտ է: Ես տանում եմ ինձ հետ ձեր բարեկամության, հիանալի մարդկանց հայկական հետքը, միեւնույն ժամանակ, այնքան տխուր եմ հեռանալու նման պայմաններում»,-ասել է դեսպանը: