12:51 | 26.10.20 | Նորություններ | 2544

Ձեռնարկատիրական անվճար դասընթացներ՝ Արցախի քաղաքացիների համար

Սոցիալական ձեռներեցների դպրոցը նոյեմբերի 1-ից մեկնարկում է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» երկամսյա ձեռնարկատիրական անվճար դասընթացների շարք:

Դասընթացները նախատեսված են պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստանում ապաստանած Արցախի քաղաքացիների համար: Նախատեսվում են նաեւ արհեստագործական դասընթացներ (մաքրամե, տիկնիկագործություն, ասեղնագործություն եւ այլ) Արցախի երեխաների համար:

Ծրագրի նպատակն է ակտիվացնել Արցախի քաղաքացիներին եւ նպաստել առաջնային կարիքների բավարարմանն ուղղված սեփական նախաձեռնությունների կազմակերպմանը: Մասնակիցները կունենան գաղափարի ձեււակերպումից մինչեւ բիզնես ծրագրի կազմման եւ իրականացման փուլերով անցնելու հնարավորություն, կստանան ոլորտի առաջատար փորձագետների եւ մենթորների խորհրդատվություն:

Առաջին դասընթացը տեղի կունենա առցանց ձեւաչափով՝ Zoom հարթակում, նոյեմբերի 1-ին, ժամը 19:00-ին: Դասընթացը ներառում է շաբաթական 2 տեսական եւ 1 պրակտիկ դաս: Դասընթացի ավարտին լավագույն ձեռնարկատիրական գաղափարը կֆինանսավորվի, մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 29-ն է։ Մասնակցությունը հնարավոր է միայն ԱՀ անձնագրով: Գրանցման հայտը հասանելի է այստեղ: