16:08 | 15.10.20 | Նորություններ | 2160

ՀՀ-ում օգտատերերը գնալով ավելի քիչ են ենթարկվում վեբ-գրոհների

Հայաստանում 2020-ի երկրորդ եռամսյակում համացանցից վարակման փորձերի ենթարկվել է օգտատերերի համակարգիչների 5,6%-ը։

2020-ի ապրիլ-հունիսին Վրաստանում վեբ-գրոհների միջոցով վարակման փորձերի բախվել է օգտատերերի 7,9%-ը, եւ այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 12-րդ տեղն այն երկրների քսանյակում, որտեղ օգտատերերն ամենից հաճախ են բախվել վեբ-գրոհների։

Նույն տարվա առաջին եռամսյակում նման գրոհների բախված օգտատերերի բաժինը Վրաստանում կազմել է 8,5%. դա 17-րդ ցուցանիշն էր աշխարհում։ Իսկ Ադրբեջանում եւ՛ երկրորդ, եւ՛ առաջին եռամսյակում վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը կազմել է 6,5%։

2019-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում համացանցից գրոհների ենթարկվել է օգտատերերի 15,4%-ը. այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 13-րդ տեղն աշխարհում։ Նույն ժամանակահատվածում Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 14,2%-ը։ Իսկ Ադրբեջանում համացանցից գրոհներ գրանցվել են օգտատերերի 16,59%-ի սարքերում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Ընդհանուր առմամբ, 2020-ի երկրորդ եռամսյակում աշխարհում օգտատերերի համակարգիչների 5,73%-ըն առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի։ Երկրորդ եռամսյակում ընկերության լուծումները հետ են մղել 899 744 810 գրոհ, որոնք իրականացվել են աշխարհի 191 երկրներում գտնվող համացանցային ռեսուրսներից, եւ գրանցել՝ 286 229 445 ունիկալ URL (հասցե), որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։

Փորձագետները վեբ-գրոհներից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հուսալի հակավիրուս, որը կանխում է վնասաբեր օբյեկտների ներբեռնումը վարակված վեբ-էջերից։ Վնասաբեր ծրագրերն այնտեղ են հայտնվում կիբեռհանցագործների կողմից կոտրանքի ենթարկելու հետեւանքով, որոնք այնուհետեւ օրինական կայքերում ներդնում են վնասաբեր սկրիպտներ եւ ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնիչներ, անհատական եւ բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։

Չարագործները նաեւ հատուկ են ստեղծում վնասաբեր կայքեր՝ նախօրոք այնտեղ ներբեռնելով տարբեր վնասակար ծրագրեր, եւ այնուհետեւ սոցիալական ինժեներիայի մեթոդներ կիրառելով այնտեղ են «բերում» օգտատերերին: