12:42 | 02.10.20 | Նորություններ | 2234

Արցախի նախագահ. «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարումը դարձնում ենք պետական

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կառավարման լիազորությունները սահմանափակելու մասին:

«Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ եւ 10-րդ հոդվածներով՝ որոշում եմ կայացրել այսօր «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված լրջագույն խնդիրները եւ կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական»,- նշել է Արցախի նախագահը:

Նա վստահություն է հայտնել, որ ռազմական դրության պայմաններում կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները:

«Նշեմ, որ մինչեւ հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար, իսկ այն խոստումները, որոնք տրվել են մեր հանրությանը՝ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման եւ զարգացման առումով, բոլորն հընթացս իրականացվելու են», -եզրափակել է Արայիկ Հարությունյանը: