14:58 | 28.09.20 | Նորություններ | 37647

Կապի օպերատորների կոչը՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգել Արցախ եւ չծանրաբեռնել ցանցը

Հայաստանի շարժական կապի 3 օպերատորները՝ Ucom-ը, Beeline-ը եւ Վիվա-ՄՏՍ-ը, հայտարարություն են տարածել, որում հորդորում են առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ եւ չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը՝ անդադար զանգերով եւ հաղորդագրություններով:

Ամբողջական հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք եւ մեր գործընկեր-օպերատորներն անթիվ-անհամար կոչեր, գրություններ ու պահանջներ ենք ստանում Արցախում ռոումինգի վերաբերյալ։ Նշենք, որ հայաստանյան օպերատորների բաժանորդների կողմից իրականացվող զանգերի աննախադեպ ծավալը Ղարաբաղ Տելեկոմի մեծագույն ջանքերի շնորհիվ է սպասարկվում, սակայն գերծանրաբեռնվածության պայմաններում այս հնարավորությունը եւս վտանգված է։

Հայաստանյան օպերատորների եւ Արցախի օպերատորի հնարավորություններն ու բաժանորդների քանակն անհամեմատելի են։ Ղարաբաղ Տելեկոմի կողմից զանգերի սպասարկումը դժվարացել է նաեւ այն պատճառով, որ նշանառության տակ են առնվել Արցախի միակ օպերատորի ցանցային ենթակառուցվածքը եւ մեր տվյալներով պատճառել այնպիսի վնաս, որի վերականգնումը պահանջում է ժամանակ, ինչպես նաեւ մարդկային եւ ֆինանսական լուրջ ռեսուրսներ։

Առհասարակ՝ ռոումինգը ոլորտի ստանդարտ է, որը տեխնիկապես ներդրված է՝ հիմք ընդունելով հեռահաղորդակցության ոլորտի միջազգային եւ ներպետական իրավական կարգավորումները: Հայաստանյան օպերատորները գործում են պետության կողմից տրամադրված լիցենզիայի շրջանակներում՝ բացառապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:   

Նշենք, որ ռոումինգի սակագնի զրոյացումը հայաստանյան օպերատորների որոշումով չէ, որ պետք է իրականացվի։ Պարզաբանենք ռոումինգի գնագոյացման մոդելը. կարգավորող մարմնի որոշումով սահմանվել է փոխկապակցման միջօպերատորական սակագին, որից հետո ՀՀ եւ ԱՀ կարգավորող մարմինների ու օպերատորների միջեւ ստորագրվել է Հուշագիր, որի հիման վրա սահմանվել է բաժանորդների համար առավելագույն սակագին, որը հայաստանյան բոլոր երեք օպերատորների դեպքում նույնն է: Սակագնի զրոյացումը բերելու է Ղարաբաղ Տելեկոմի ցանցի ավելի մեծ ծանրաբեռնվածության, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է Ղարաբաղ Տելեկոմի ցանցի խափանման՝ թողունակության սահմանափակ լինելով պայմանավորված։ Եկեք չանտեսենք այն փաստը, որ Ղարաբաղ Տելեկոմի աշխատանքի շնորհիվ է, որ հայաստանյան օպերատորների բաժանորդները հնարավորություն ունեն կապի մեջ լինել Արցախի մեր հայրենակիցների հետ։ Այսօր ամենակարեւոր խնդիրը զանգեր ընդունող ցանցի՝ Ղարաբաղ Տելեկոմի ֆինանսական ու տեխնիկական հնարավորությունների ապահովումն է՝ զանգերի մեծ ծավալը սպասարկելու ու կորուստները վերականգնելու առումով։

Խնդիրը բարձրաձայնողների մղումներն ազնիվ են ու հասկանալի: Այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ Ղարաբաղ Տելեկոմի ցանցի գոյությունը եւ պահպանումը ոչ մի պարագայում չի կարելի վտանգել։

Հայաստանյան երեք օպերատորներով հորդորում ենք առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ եւ չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը՝ անդադար զանգերով եւ հաղորդագրություններով: Արցախի օպերատորի ցանցն այսօր ավելի քան երբեւէ ռազմավարական ու կենսական անհրաժեշտության ենթակառուցվածք է, որի պահպանության ու անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի հոգատար վերաբերմունքն ու ջանքերը։    Շնորհակալություն ըմբռնման համար»: