15:39 | 22.09.20 | Նորություններ | 18982

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարացվել է

ՀՀ տարածքում գործող բոլոր համալսարանների եւ գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական թիմերին այս տարի եւս հնարավորություն է ընձեռվում մասնակցել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին (Faculty Research Funding), որն իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։

Ծրագիրը միտված է ֆինանսավորում եւ համակարգված օժանդակություն տրամադրել տարբեր հետազոտական թիմերին: 2018 թվականից ի վեր արդեն 15 հետազոտական ինստիտուտների եւ համալսարանների 29 հետազոտական թիմեր կարողացել են օգտվել այս ծրագրից՝ զգալի առաջընթաց գրանցելով իրենց հետազոտություններում։

Ծրագրի շրջանակում ընտրված մինչեւ 8 հետազոտական թիմեր կստանան շուրջ 4.8 միլիոն ՀՀ դրամի ֆինանսավորում (ներառյալ բոլոր հարկերը եւ այլ պարտադիր վճարները)՝ իրենց հետազոտական ծրագրերի համար՝ մինչեւ 3 ամիս տեւողությամբ։ Թիմերը նաեւ հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների եւ համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։

Ծրագիրը թիրախավորում է այնպիսի ոլորտների հետազոտական եւ գիտական նախագծեր, ինչպիսիք են՝  Մաթեմատիկական մոդելավորում, Սիմուլյացիայի մոդելավորում, Տեխնոլոգիական օժանդակությամբ համակարգերի եւ փորձարկումերի նախագծում, Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ, Արդյունաբերական եւ համակարգային ինժեներիա, Էլեկտրոնային ինժեներիա, Նախատիպավորում, Նյութագիտություն, Վերլուծական քիմիա, Օրգանական նյութեր (բիոպլաստիկ, բիոկերամիկա, բիոպոլիմերներ), Աերոզոլային գիտություն, Թունաբանություն, Կիրառական ու փորձարարական ֆիզիկա, Կիրառական մաթեմատիկա, Մեքենայական ուսուցում, Արհեստական բանականություն։

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է (ներառյալ)։

Ընտրությունը կատարվելու է հայաստանյան եւ միջազգային փորձագետներից կազմված գնահատող հանձնաժողովի կողմից: Հայտերը գնահատվելու են հետեւյալ չափորոշիչների հիման վրա՝ ազդեցությունը համապատասխան գիտության վրա, գիտական ու գործնական օգտակարությունը, թիմի անդամների միջազգային հրապարակումները, մեջբերումներն ու հղումները նրանց աշխատանքներին։ Հայտատուները պետք է հանդիսանան ՀՀ-ու գործող համալսարաններից կամ հետազոտական ինստիտուտներից մեկը ներկայացնող, 2-6 անդմաներից բաղկացած թիմ եւ պետք է ներկայացնեն հետազոտական ծրագիր, որը համապատասխանում է սույն ծրագրի շրջանակին։
Դիմելու համար թիմերը պետք է լրացնեն Առցանց հայտադիմումը՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը`

•    Թիմի բոլոր անդամների ինքնակենսագրությունները (CV)
•    Աջակցության եւ հետազոտական սարքավորումների առկայության հաստատում ինստիտուտի (-ների) կողմից
•    Հետազոտական նախագծի առաջարկը՝ Հավելված 2-ում նշված կառուցվածքի համապատասխան:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն։

ՖՄԻ գիտահետազոտական կենտրոն

Գիտական եւ տեխնոլոգիական Հայաստանի մեծ ներուժի շնորհիվ 2017թ. «Ֆիլիպ Մորրիսը» ՀՀ Կառավարության, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի եւ Երեւանի Պետական Համալսարանի հետ ստորագրեց Փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելով ընկերության նպատակը՝ Հայաստանում հիմնելու գիտահետազոտական կենտրոն ու աջակցելու կրթական եւ հետազոտական ծրագրերի։

Երեք տարվա ընթացքում ՖՄԻ Գիտահետազոտական Կենտրոնն ավելի քան 100 կրթաթոշակ եւ դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողներին ու ֆակուլտետային հետազոտական թմերին` մի շարք ուղղություններով իրենց հետազոտական ծրագրերը իրականացնելու համար:

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից եւ խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Երեւանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ. եւ աջակցում է Հայաստանում տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման եւ ընկերությունների ընդլայնման համար: