16:29 | 04.09.20 | Նորություններ | 1702

Քննարկվել է ՌԴ-ի հետ համագործակցությունը տեխնոլոգիական մի շարք ուղղություններով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը սեպտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի եւ  զանգվածային հաղորդակցության  նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության շրջանակներում թվայնացման, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության եւ կապի ոլորտներին առնչվող հարցեր։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու հետագա համագործակցությունը նշված բոլոր ուղղություններով, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում բազմակողմ եւ երկկողմ ձեւաչափով հնարավոր փոխգործակցության վերաբերյալ։

Համաձայնություն է ձեռք բերվել ընդլայնելու կապերը երկու գերատեսչությունների եւ երկու երկրների համապատասխան ոլորտների ներկայացուցիչների միջեւ՝ պատվիրակությունների փոխանակման, պարբերական հանդիպումների, ֆորումներին եւ միջոցառումներին համատեղ մասնակցության միջոցով։

Հանդիպման ավարտին նախարարությունների ներկայացուցիչները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են նաեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը,  Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը։