11:26 | 03.08.20 | Նորություններ | 13956

Renderforest-ը տեսանյութեր պատրաստելու հավելված է գործարկել iPhone-ի օգտատերերի համար

Հայկական Renderforest ընկերությունն այսօր հայտնել է iPhone-ի համար նախատեսված իր նոր ծրագրի՝ «Renderforest - Video Maker»-ի գործարկման մասին։ Ծրագրի նպատակն է տեսահոլովակների ստեղծման ընթացքը դարձնել ավելի պարզ եւ արագ։

Օգտատերերը հնարավորություն կունենան գործնական եւ անձնական կիրառման համար նախատեսված պրոֆեսիոնալ հոլովակներ ստեղծել ընդամենը 3 քայլով՝

1․ Ընտրել շաբլոնը;
2․ Խմբագրել եւ անհատականացնել այն;
3․ Բեռնել պատրաստի հոլովակը նախընտրած որակով։

«Renderforest - Video Maker»-ը ընկերության կողմից ստեղծված առաջին ծրագիրն է, որը նախատեսված է iOS օպերացիոն համակարգի օգտատերերի համար:  Ընկերությունը պլանավորում է շուտով թողարկել հավելաված՝ Android օպերացիոն համակարգի օգտատերերի համար եւս:  

Ընկերության տնօրեն Նարեկ Սաֆարյանի խոսքով՝ նպատակ էր դրված ստեղծել ոչ միայն կայքի բջջային տարբերակը, այլեւ բազմաֆունկցիոնալ եւ կիրառման մեջ պարզ ծրագիր։

Հավելվածն օգտատերերին թույլ է տալիս՝

-    Բեռնել պատրաստի հոլովակները HD ձեւաչափով;
-    Ձայնային ուղեկցություն ավելացնել;
-    Նախադիտել հոլովակի յուրաքանչյուր տեսարանը;
-    Ընտրել հավելվածում առկա ավելի քան 130 ֆոնային ձայնագրություններից մեկը, կամ ներբեռնել ձեր նախընտրած երաժշտությունը;
-    Պահպանել բեռնված ֆայլերը մեդիա գրադարանում;
-    Պահպանել նախագծերը ամպային համակարգում եւ կառավարել դրանք ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրից;
-    Օգտվել 24/7 հաճախորդների աջակցումից։

Renderforest - Video Maker հավելվածը ներբեռնելու համար կարող եք հետեւել հղմանը։

«Հավելվածի կողմից տրամադրվող ճկունությունն ու կայքից անկախ լինելը թույլ կտա օգտատերերին աշխատել իրենց բիզնեսի զարգացման վրա ցանկացած պահի եւ աշխարհի ցանկացած կետից՝ առանց համակարգչից կախում ունենալու»,- ասված է ընկերության հաղորդագրությունում: