11:35 | 17.07.20 | Նորություններ | 2463

Մեկնարկել է գործող եւ հեռանկարային կին ձեռներեցներին աջակցող ծրագիրը

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ)` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման հիմնադրամ»-ի աջակցությամբ, իրականացնում է «Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը:
 
Նախօրեին կայացել է «Տնտեսական աճը եւ կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագրի մեկնարկի հայտարարման եւ դրա շրջանակում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջոցով իրականացվող «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի ներկայացման առցանց միջոցառումը:
 
«Այս ծրագիրը կենսական դեր է խաղում ավանդական բիզնեսի ոլորտներում կին ձեռներեցների շրջանում նորարարական տեխնոլոգիաների ինտեգրման խթանման գործում: Այն հատուկ նախագծված է համաճարակային իրավիճակներում աճի եւ կայունության հնարավորությունները ներկայացնելու համար: Հույս ունեմ, որ մեծ թվով կանանց համար այս ծրագիրը նոր եւ պայծառ հնարավորությունների սկիզբ կդառնա»,- նշել է  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
 
Ծրագրում ընդգրկված մենթորների ուղղորդմամբ եւ մրցունակ կրթական ծրագրերի շնորհիվ  կին մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու եւ կատարելագործելու իրենց ձեռնարկատիրական տաղանդը, հաղթահարելու բիզնես սկսելու եւ այն մեծացնելու վախերը, հաղորդակից լինելու բարդ պայմաններում ռիսկերի կառավարման գործիքներին, տիրապետելու գործնական բանակցությունների արվեստին։

Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Ինտենսիվ Բութքեմփ եւ Աքսելերացիոն ծրագիր, որոնք կիրականացվեն Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում «Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։

Աքսելերացիոն ծրագրի ավարտին մասնակից թիմերն իրենց բիզնես նախագծերը կներկայացնեն գնահատող հանձնաժողովին: Լավագույն 5 թիմերը կստանան մեկական միլիոն ՀՀ  դրամ դրամաշնորհ՝ նախագծերը սկսելու կամ զարգացնելու համար:

Ձեռնարկատիրական ձիրք ունեցող բոլոր կանայք կարող են դիմել ծրագրի առաջին փուլին՝ Ինտենսիվ Բութքեմփին, մինչեւ հուլիսի 20-ը, ժամը 23:59-ը։

Ծրագրի մանրամասներին եւ մասնակցության ընթացակարգին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: