18:41 | 06.07.20 | Նորություններ | 18367

Ucom-ի կարծիքով, «Թիմ»-«ՎԵՈՆ Արմենիա» հնարավոր գործարքը պետք է արգելվի

Հունիսի 26-ին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել էր «Յուքոմ» ՓԲԸ՝ «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով համակենտրոնացման վերաբերյալ Ucom ընկերության դիրքորոշումը պարզելու նպատակով։

Ucom-ը այս առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Ս.թ. հունիսի 8-ին «Թիմ» ՍՊԸ-ն ՀՀ ՏՄՊՊՀ դիմում է ներկայացրել նշյալ գործարքի իրականացումը թույլատրելու խնդրանքով: Ս.թ. հուլիսի 1-ին «Յուքոմ» ՓԲԸ ներկայացրել է իր դիրքորոշումը նշյալ գործարքի վերաբերյալ՝ մասնավորապես հայտնելով, որ սույն համակենտրոնացումը ենթակա է արգելման մի քանի հիմքերով:

Մասնավորապես, ըստ դիրքորոշման, «Թիմ» ՍՊԸ եւ նրա ղեկավարության կողմից թույլ տրված գործողություններն պետք է որակվեն որպես անբարեխիղճ մրցակցություն (ներառյալ՝ չբացահայտված՝ Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ անբարեխիղճ մրցակցություն)։ Հետեւաբար՝ քննարկվող գործարքի կնքումը հակասում է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 11-րդ եւ 16-րդ հոդվածներին, եւ համակենտրոնացումը ենթակա է ՏՄՊՊՀ կողմից արգելման։

Դիրքորոշմամբ արձանագրվում եւ հիմնավորվում է, որ  Ucom ընկերության նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ինչպես նաեւ նախկին փոխտնօրեն եւ ռազմավարական գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը (ով մինչ այսօր հանդիսանում է «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ), մեր գնահատմամբ, խախտել են Ucom ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները, ինչպես նաեւ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ գործարքը բանակցելիս եւ ՏՄՊՊՀ ներկայացված հուշագիրը կնքելիս օգտագործել են «Յուքոմ» ՓԲ ընկերության սեփականությունը համարվող գաղտնի տեղեկատվություն (ներառյալ ՎԵՈՆ-ի հետ գործարքի դետալները, ինչը մի շարք երկրների օրենսդրության եւ դատական պրակտիկայում ստացել է կորպորատիվ հնարավորության յուրացման դոկտրին անվանումը): Այսպիսով, գտնում ենք, որ Եսայանների կողմից Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության բացահայտման եւ օգտագործման արդյունքում է, որ «Թիմ» ՍՊԸ-ն մեկ ամսվա ընթացքում կարողացել է բանակցել եւ հուշագիր կնքել եւ պատրաստվում է ձեռք բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերը, այնինչ նմանատիպ գործարքների բանակցությունները տեւում են ամիսներ, եթե ոչ ավելի երկար: Նշված գործողությունները, ինչպես հիմնավորված է Դիրքորոշման մեջ, անբարեխիղճ մրցակցություն են եւ արգելված են:

«Յուքոմ» ՓԲԸ կողմից ՀՀ ՏՄՊՊՀ են ներկայացվել վերը նշված պնդումները հաստատող փաստական հանգամանքներ։ Ավելին՝ ներկայացվել է համանման իրավական կարգավորումներ ունեցող երկրների փորձի համեմատական-իրավական վերլուծություն, որպես դիրքորոշման մեջ բերված հիմնավորումները հաստատող հավելյալ փաստարկ։ Տրամադրված տեղեկատվությամբ ընդգծվում է, որ նման դրսեւորումները բացառիկ չեն եւ դատապարտելի են ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում։

«Յուքոմ» ՓԲԸ-ն հայտնում է, որ պատրաստվում է պաշտպանել իր խախտված իրավունքներն, ինչպես հայաստանյան իրավասու մարմիններում, այնպես էլ արտերկրի համապատասխան ատյաններում եւ հիմա քննարկում է իրականացնում իրավաբանական ծառայություններ մատուցող թիմի եւ արտասահմանյան իրավաբանների հետ՝ հնարավոր իրավական գործընթացներ նաեւ արտերկրում սկսելու վերաբերյալ»: